ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿՓՈՓՈԽՎԵՆ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է լրացումներ ու փոփոխություններ կատարել Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ընթացակարգերում։ Պապոյանի խոսքով՝ նախագծի ներկայացումը պայմանավորված է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց եւ կիրարկվելուց հետո ի հայտ եկած որոշ նորմերի կարգավորման անհրաժեշտությամբ: «Օրենքը կիրառելու ժամանակ ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, եւ ես՝ որպես նախագծի հեղինակ, ցանկացել եմ այդ խնդիրները վեր հանել եւ լուծումներ տալ դրանց»,-ասել է Պապոյանը։ Ըստ պատգամավորի՝ իրավական ակտի առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները կրում են խմբագրական եւ կառուցվածքային բնույթ։

 

«Վերաքննիչ պալատի գործունեության նպատակը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է: Համաձայն օրենքի՝ հիշյալ տեղեկատվությունը Ազգային ժողովին եւ հանրությանը տրամադրվում է հաշվեքննության արդյունքում կազմված եւ հաստատված ընթացիկ եզրակացությունների միջոցով, ուստի առաջարկվում է նախագծում լրացնել «ընթացիկ եզրակացություն» եւ դրա հետ փոխկապակցված «հաշվեքննության արձանագրություն» տերմինները»,- նշել է նա: Պատգամավորի խոսքով՝ նախագծի 2-4-րդ, 6-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները խմբագրական բնույթի են կամ իրականացվում են անհարկի կրկնություններից խուսափելու համար: Ըստ պատգամավորի՝ «Հաշվեքննիչ պալատի մասին»  օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 39-րդ հոդվածի 1-ին մասը կրկնվում են, ուստի անհարկի կրկնությունից խուսափելու համար առաջարկվում է 31-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել:

«Բացի այդ, հաշվեքննությանը քաղաքացիական ծառայողների հետ համատեղ, պալատի որոշմամբ կարող են մասնակցել նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, որոնք եւս պետք է լիարժեք ներգրավված լինեն հաշվեքննության գործընթացին: Նախագծի 7-րդ հոդվածի կարգավորմամբ առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, որը ներկայացվել է Հաշվեքննիչ պալատի կողմից»,- ասել է Պապոյանը։

Նախագծով առաջարկվում է նաեւ վերացնել պալատի այն պարտավորությունը, համաձայն որի՝ յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում պալատը պետք է Ազգային ժողով ներկայացնի այդ եռամսյակի ընթացքում ըստ ամիսների բաշխված Ազգային ժողով ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը: «Ամեն եռամսյակը մեկ մենք ստանում ենք այդ ցանկը, բայց դա մեզ ոչինչ չի տալիս։ Ըստ էության, ծանրաբեռնվում է պալատի եւ մեր աշխատանքը»,- ասաց Պապոյանը։ Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հաշվեքննիչ պալատի, SIGMA Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնության դիտարկումները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի փորձագետների կողմից իրականացված վերլուծության արդյունքները:

Ն. Պ.

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՅՈՒՂԵՐԻՆ

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհներին եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք ունեն աշխատանքները։

 

«Մենք պարբերաբար սոցիալական ցանցերում, մամուլում տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքի մարզում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ։ Հիմա մենք ունե՞նք գյուղեր, թե՞ չունենք գյուղեր, որոնք շրջափակման մեջ են, եւ եթե չունենք, ուրեմն որտեղից է այդ տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում եւ սոցիալական ցանցերում»,-ասել է  նա։

Գնել Սանոսյանի խոսքով՝ փաստացի մենք ունենք 7 ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք։ «Տաթեւ-Աղվանին ավարտված է, երթեւեկում են, նորմալ է, նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկրորդ շենքն է տեղադրված, գարնանը եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, եւ երրորդ շերտը կտեղադրվի»,-ասել է նա եւ նշել է, որ մյուս վեց հատվածներում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան։ Նա նշեց, որ նույն Շուռնուխ գյուղը առնվազն երկու ճանապարհ ունի։ Նիկոլ Փաշինյաննը արձագանքել է. «Մեր պլանը հետեւյալն է, որ դեպի գյուղեր տանող ուղղություններով մենք օր առաջ ունենանք գրունտային վիճակում գտնվող ճանապարհ, որը երթեւեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար եւ բոլոր եղանակներին։ Շինարարության սեզոնի մեկնարկին պես մենք այդ ճանապարհները կասֆալտապատենք»։ Նա նշել է, որ եւս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունեն, բայց հրատապ չեն դրանք։ Նրա խոսքով՝ դեպի բնակավայրեր տանող ճանապարհները գրունտային լավ վիճակի բերելու համար 10-15 օրվա աշխատանք է պետք, գուցե ավելի երկար՝ որոշ հատվածներում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ճանապարհի ժամանակավոր երկարացման կապակցությամբ վեց գյուղերի ընտանիքներին հատկացրել են բենզին, վառելիքի համար գումար։ «Նաեւ լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի ժամանակավոր լոգիստիկ դժվարությունները հնարավորինս կոմպենսացնենք, եւ մեր հայրենակիցները լրացուցիչ դժվարություններ չունենան։ Վեց գյուղերի բոլոր 250 ընտանիքներին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել»,- ասել է նա:

Ն. Պ.

 

 




Լրահոս