ՖՈՏՈ. Քրիստինե Գրիգորյանի Kwisty նորաձևության երեկոն և հայտնի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին կայացավ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի Kwisty նորաձեւության շոուն, որի ժամանակ պոդյումում ոչ միայն պրոֆեսիոնալ մոդելներ էին, այլեւ հայտնի մարդիկ՝ իրենց երեխաների հետ՝ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ որդու հետ, դերասանուհի Սաթենիկ Հազարյանը՝ դստեր հետ, դերասան Սուրեն Առուստամյանը, «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին:

ArmLur.am-ը ներկա է գտնվել Kwisty նորաձեւության շոուին եւ ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն առաջին անգամ էր ներկայանում նորաձեւության ոլորտում։ Դերասանուհին բեմում ավագ որդու՝ Հայկի հետ էր, իսկ ամուսինն առաջին շարքից հետեւում էր նրանց բեմելին։

Նրանց հետ բեմում էին նաեւ Գավառի մանկատան այն սաները, որոնք երազում են մոդելային կարիերայի մասին եւ հնարավորություն ստացան իրականացնելու իրենց երազանքը։ Ամանորին ընդառաջ Քրիստինեն իր հեղինակած ձմեռային հավաքածուի օրինակները նվիրեց Գավառի մանկատան սաներին։

«Մանկատան սաներն առանձին չեն բարձրանում բեմ, որպեսզի չառանձնանան որեւէ մեկից։ Շոուն դիտելիս որեւէ մեկը չի կարող տարբերել մանկատան երեխաներին մյուս մոդելներից, ինչն ինձ շատ կարեւոր է»,– ասաց Քրիստինեն։

«Չնայած Հայաստանում ավելի ու ավելի քիչ են կազմակերպվում նորաձևության շոուներ՝ պայմանավորված երկրում տիրող իրավիճակով, սոցիալ–տնտեսական պայմաններով՝ մենք կարևորում ենք տարին 2 անգամ նմանատիպ շոու կազմակերպելը, որպեսզի Հայաստանում նորաձևության ոլորտը զարգանա»,– ասաց Քրիստինեն։

Միլանում մասնագիտական կրթություն ստացած դիզայները հավաքածուն ստեղծել է մոտ կես տարում, քանի որ նախորդ ցուցադրությունը մայիսին էր։ Նա ներկայացրեց 3 հավաքածու՝ Ձմեռային, Ատլասե եւ «Հայկական հոգի»։ Վերջինը ցուցադրվել է Մոսկվայում եւ մեծ վաճառք ունեցել։ Այդ հավաքածուից պահպանված նմուշները Քրիստինեն ցուցադրեց նաև այս երեկոյի ընթացքում։

«Հայկական զարդանախշեր շատ եմ օգտագործում մոդեռն տարբերակով։ «Հայկական հոգու»  հագուստները տարազային են, բայց նորաձեւ։ Այս հավաքածուից մնացած նմուշներն այլեւս չեմ ուզում վաճառել, քանի որ ոգեշնչման աղբյուր են։ Դերասան Սուրեն Առուստամյանն այդ թեմայով վիճում է ինձ հետ, բայց ես նույնիսկ տխրում եմ, երբ այդ հավաքածուից վաճառք է լինու,– ասաց Քրիստինան ու հավելեց, որ իր բոլոր հագուստներիս վրա ասեղնագործված է Հայաստանի դրոշը։ «Ես ուզում եմ, որպեսզի հայկական բրենդը տարածվի աշխարհում»,– նշեց նա։

Երեկոն վարում էր դերասանուհի Սաթենիկ Հազարյանը։ Երաժշտական մասն ապահովեցին Սոնան, Կարինե Առուստամյանը, Լիդուշիկը։ Երեկոյի հյուրերի թվում էին Խորեն Լեւոնյանը, Նաիրա Մովսիսյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Մերի Մարտիրոսյանը եւ այլ հայտնի մարդիկ։




Լրահոս