ՀՖՖ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն որոշում է կայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրենի հարցով:

 

2020թ. սեպտեմբերին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը պարզել է, որ 2010-2019թթ. ընթացքում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, նախնական համաձայնության գալով 2013-2018թթ. ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրենների պաշտոնը զբաղեցրած անձանց հետ, «Նորալուսին» ՍՊ ընկերության «Զեփյուռ» ամառային ճամբար եւ հյուրանոց հանգստի գոտում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու պատրվակով միասնական դիտավորությամբ կնքել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, որոնց հիմքով փաստացի պայմանագրում նշված անձանց ճամբար չայցելելու եւ վերջիններիս ծառայություններ չմատուցելու պայմաններում կազմվել են կեղծ տեղեկություններ պարունակող հարկային հաշիվներ, որոնց հիման վրա վճարումներ կատարելու միջոցով ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 98.785.332 ՀՀ դրամ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության եւ «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրեններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Եվ, ահա, մեկ տարի անց  Քննչական կոմիտեն այս գործով որոշում է կայացրել, եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել Արթուր Մանուկյանը, որին   մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրեն, նախնական համաձայնության գալով առանձին-առանձին տարբեր ժամանակահատվածներում «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրեններ հանդիսացած Սեւակ Գեւորգյանի, Արսեն Ափյանի եւ Կարեն Պողոսյանի հետ, վերջիններիս հետ խմբի կազմում կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր, նրանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացնելու եղանակով հափշտակել է ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից իրեն վստահված 69.533.999 դրամ գումարը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, եւ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվություններում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործն ուղարկվել է դատարան: Գործը մակագրվել է դատավոր մնացական Մարտիրոսյանին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲՈՂՈՔ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Ռ. Մանուկյանը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի մասով դատավճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում:

 

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ դատախազը պահանջում է Վերաքննիչ դատարանի բողոքն ընդունել վարույթ, բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ Նվեր Մուրադի Մուրադյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Նվեր Մուրադյանին, մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. օգոստոսի 14-ին Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետեւ Երեւան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում, ապա նաեւ շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով եւ իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նվեր Մուրադյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ իրավապահներին ցուցմունք տվել, որ դեպքի օրն իր հյուրերի հետ գտնվել է «Հուկա ման» ակումբում, քանի որ գինովցած է եղել, խնդել է իր ընկերներին մոտենալ իրեն պատկանող ավտոմեքենան վարելու համար: Արմեն Ղազարյանն /Պզո/ իր հյուրերի կազմում չի եղել, սակայն նրան տեսել է ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ակումբում որեւէ անձի հետ տարաձայնություններ չի ունեցել, «Դոլյա վառավսակայա» երգն ակումբում հնչել է, սակայն ինքն այն չի պատվիրել, երգեր պատվիրելու կապակցությամբ վեճի առաջացումը բացառում է: Իր հյուրերին ճանապարհելուց հետո դուրս գալով ակումբից՝ նկատել է հավաքված մի խումբ մարդկանց, հետաքրքրասիրությունից դրդված՝ ցանկացել է մոտենալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում, սակայն իր ընկերները համոզել են՝ չմոտենա: Դրսում ոչ-ոքի չի քաշքշել կամ հարվածել, հայհոյանքներ չի հնչեցրել: Այնուհետեւ հիշել է, որ իր երկու հեռախոսներից մեկը թողել է բարում, վերադարձել է այն վերցնելու նպատակով, ինչից հետո դուրս է եկել: Դրանից հետո այդ օրն առաջին անգամ իրեն են մոտեցել պարեկապահակետային ծառայության աշխատակիցները, որոնք, առանց ձեռնաշղթաներ կիրառելու, իրեն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք: Ճանապարհին եղել է վրդովված՝ բերման ենթարկելու հետ կապված, քանի որ չի հասկացել իրեն բերման ենթարկելու պատճառը: Բաժնում հայհոյանքներ է հնչեցրել, ինչի համար իրեն անհարմար է զգում, սակայն իր նշելով՝ նման վարքի պատճառներն այնտեղ նկարահանված տեսանյութից հասկանալի է: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ոչ ոքի չի հարվածել, Հյուիսիային պողոտայում խուլիգանական գործողություն չի կատարել: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ անգամ գործը մտել է դատարան, եւ Երեւան քաղաքի դատարանը Նվեր Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեված արարքում եւ նրան ազատել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔԱՆԱՔԵՌԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի սպանության վարկածը, թե ինչու հնչեցին կրակոցները, եւ սպանվեց 4 անձ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը ապշել է, թե ինչու մի չնչին թեմայից առաջացավ այս ամենը, ու 4 մարդու ճակատագիր խորտակվեց: Բանն այն է, որ նախաքննական մարմինն ունի հստակ տվյալներ, թե ինչու են հնչել կրակոցները: ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդիներից մեկը հորը պատմել է, որ Տույը եւ իր թիմը պարբերաբար անհանգստացնում են իրեն, նեղացնում են:

Արդյունքում Արտյուշ Սիմոնյանը քրեական հեղինակություն Տույին կանչում է իր առանձնատուն, որ հասկանա, թե ինչ կա իր որդիների հետ, ինչու է նա բախվել իր որդիների հետ, կամ հաճախակի որդիներից լսում է, որ քրեական հեղինակությունը նեղացնում է իրենց: Եվ, ահա, նախկին պատգամավորի հրավերով Տույը գնում է Արտյուշ Սիմոնայնի տուն: Նախապես որոշում են տաղավարում նստել զրուցել, սակայն առատ ձյան պատճառով տաղավարում չեն նստում, ինչից հետո Արթուր Ղազարյանին համոզում են, որ մնա՝ զրուցեն, նա չի ուզում մնալ, հասնում են մեքենաներին, ու հնչում է կրակոցը:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանված պատգամավորի որդիները մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Ավելին, պարզեցինք, որ քրեական գործով կարեւորագույն վկաներից մեկի ցուցմունքից է կախված, որպեսզի պարզվի, թե ինչ խնդիր են ունեցել քրեական հեղինակությունն ու պատգամավորի որդիները, որը ճակատագրական ավարտ ունեցավ 4 հոգու համար: Կարեւորագույն վկան եւս հրաժարվում է ցուցմունք տալ իրավապահներին, ըստ ամենայնի՝ «գողական է գնում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:

Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ.-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Նշենք, որ գործով կալանավորվել են 5 անձ, որոնցից 4-ը սպանված պատգամավորի որդիներն են։

Ք. Մ.




Լրահոս