Մայրաքաղաքում 5 ավտոմեքենա էր առևանգել ու բռնվել. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը Բ-2 թաղամասից «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա են փախցրել։ Օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե, արձանագրել՝ երբ, որտեղից է կատարվել գողությունը։
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ էին իրականացնում, երբ հունվարի 6-ին բաժնում նոր ահազանգ ստացվեց. առևանգել էին Միքայելյան փողոցի բակերից մեկում կայանված «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենա։ Ավելին՝ որոնողական աշխատանքների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հիշյալ տրանսպորտային միջոցը քարշակելով փախցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայով, որը դեկտեմբերի 9-ին արդեն գողացել էին Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցից։
Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո պարզվեց, որ նշված մեքենաները առևանգել էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի 26-ամյա մի բնակիչ։

Արդեն այս տարվա հունվարի 7-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններից փախցրել է ընդհանուր 5 մեքենա, որոնք հայտնաբերվել են։
Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս