ՄԻՊ Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույց է ներկայացրել Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների եւ լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին անորոշ կարգավորումների պայմաններում. «Նախ՝ զեկույցում առաջ է քաշվել մեր այն հիմնարար մոտեցումը, որ հանրային պաշտոնյաները պետք է ղեկավարվեն լրագրողների բարեխղճության ու օրինավորության կանխավարկածով: Խոսքն առավել կոնկրետ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։ Զեկույցով կարեւորվել է լրագրողների բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը պատասխանատու լրագրության կանոններով:
Առանց պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի հնարավոր չէ ապահովել լրագրողների լիարժեք պաշտպանություն: Սույն արտահերթ զեկույցը նպատակ ունի եւս մեկ անգամ ամրագրել լրագրողների մասնագիտական աշխատանքի կարեւորությունը եւ ցույց տալ այդ աշխատանքին միջամտելու պետության հայեցողության սահմանները: Զեկույցն ամրագրում է, որ գոյություն չունեն իրավական կոնկրետ ու հստակ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում։ Խնդրահարույց է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների նկատմամբ բացասական հետեւանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենքի մակարդակով ամրագրում, ինչպես նաեւ կանխատեսելի չեն հենց իրենց՝ լրագրողների համար: Լրագրողների համար չի իրականացվել պատշաճ իրազեկում իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների սահմանների, ինչպես նաեւ այդ սահմանափակումներին չհետեւելու դեպքում բացասական հետեւանքների վերաբերյալ:
Բացի այդ, զեկույցում անդրադարձել ենք նրան, որ անորոշ կարգավորումների ու օրենսդրական բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ կառավարության եւ Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների մասնագիտական աշխատանքի քննարկվող սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չի կարող ընդունելի լինել, որ այն էլ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաեւ այլ մարմինների մոտ լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձեւավորմանը կամ խորացմանը: Զեկույցում նաեւ մանրամասն վերլուծված է Ազգային ժողովում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների անթույլատրելի վարքագիծն ու արարքները լրագրողների նկատմամբ, այդ թվում՝ ապօրինի սպառնալիքների ներքո լրագրողներին ապօրինի պահանջներ ներկայացնելը (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր եւ այլն (sad) ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքը պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով եւ առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:
Հատուկ արձանագրում ենք, որ Ազգային ժողովի անվտանգության ապահովումը հիմնարար կարեւորություն ունի, սակայն լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետեւում: ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել եմ նաեւ Սահմանադրական դատարան. վիճարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ եւ 81-րդ հոդվածներին: Այսպիսով, առիթը համարելով ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումները եւ այդ հարցում ՍԴ-ին ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, հաշվի առնելով, որ ԱԺ-ում անորոշ կարգավորումները նպաստում են լրագրողների իրավունքների սահմանափակումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց, որում մանրամասն վերլուծված են վիճարկվող կարգավորումների հիման վրա կիրառվող սահմանափակումների իրավաչափությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ ներկայացված են լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքի ապահովման կանոններ»:
Ն. Պ.
ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ՀԱՆՎԻ
Ազգային ժողովը չի ընդունել «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթեւեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայներ: Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ։ Խմբակցությունն առաջարկում է վերացնել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարելու դեպքում բալերի տեսքով տուգանքը։ Գեղամ Մանուկյանը նշել է, որ հիմնական ելակետն այն է, որ ոչ թե վիճարկվում է բալային համակարգով տուգանքների արդյունավետությունը, ոչ տուգանքների բարձր կամ ցածր լինելը, այլ այն, որ նախագծի ներկայացման հիմնական դրդապատճառը Սահմանադրությունն է, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը։ Նրա խոսքով՝ բալային համակարգի ներդրման պայմաններում ՀՀ ճանապարհներին շատ ավելի քաղաքացիներ են զոհվել։ «Այս օրենքի նախագծի եւս մեկ կարեւոր տարր կա. խոսքը քաղաքական տարրի մասին է։ Այսօրվա իշխանությունը 2018-ին իշխանության եկավ մի քանի թեզերով՝ արագաչափերը շատ են, տեսախցիկները շատ են, դրանք պետք է վերանան։ Արագաչափերը 3-4 տարվա ընթացքում ոչ թե վերացան, այլ շատացան, տեսախցիկները ոչ թե պակասեցին, այլ ավելացան, վերջապես այն թեզը, որ կառավարությունում հնչեց դեռ 2018 թվականին, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, նաեւ այդ բալային համակարգի ներդրմամբ դարձավ շատ ավելի տուգանքի մատերիալ, որին եւ՛ տուգանում են, եւ՛ բալերից զրկելով՝ հետո զրկում են մեքենա վարելու իրավունքից»,-ասել է նա։
2811 ՆՈՐ ԴԵՊՔ
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2811 նոր դեպք; 7297 թեստավորում; 3291 առողջացած; 6 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396885 դեպք, որոնցից 359 456-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 762 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով 8108 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1555 է: Ընդհանուր կատարվել է 2 797 392 թեստավորում:
ԻՆՉՔԱ՞Ն ՁԱՅՆ Է ՍՏԱՑԵԼ
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային, պաշտոնական կայքի համայնքի ղեկավարի էջում ներկայացված է 2021թ. փետրվարի 26-ին Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 2021թ. հոկտեմբերի 17-ն կայացած համայնքի ավագանու համամամասնական ընտրությունների արդյունքներով ձեւավորված համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Սարգսյանի կենսագրությունը։ Այնտեղ, մասնավորապես, նշված է, որ 1984թ. ծնված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դ. Սարգսյանը 2001-2006 թվականներին սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտել այն, ստացել տնտեսագետի եւ հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում, սովորում է Եվրոպական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում հեռակա։ Համայնքի ղեկավարի էջում նշված է՝ «Ստացած ձայների քանակը» եւ դրա դիմաց գրված է՝ 12365478։ 2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր Դավիթ Սարգսյանը, ստացել է 4591 քվե։ Բացի այդ, նշված ընտրություններում ՔՊ-ի ստացած քվեները չի կարելի համարել այդ կուսակցության թեկնածուների ցանկը գլխավորած Դավիթ Սարգսյանի ստացած քվեներ։
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՆՈՒՄ ԵՆ
Հունվարի 10-ին Իջեւան խոշոր համայնքի ավագանու նիստում նշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել համայնքի բնակավայրերում գործող համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակազմերի գործունեությունը եւ կատարել հաստիքացուցակների օպտիմալացում։ Համայնքի ավագանին ղեկավարվելով ՏԻՄ օրենքի համապատասխան հոդվածով եւ ավագանու կանոնադրությամբ՝ որոշել է հավանություն տալ Իջեւան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքի բնակավայրերում գործող համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակազմերի գործունեությունն ուսումնասիրելու եւ օպտիմալացնելու նպատակով ստեղծել համայնքի ավագանու ժամանակավոր հանձնաժողով, որին պետք է հանձնարարել մինչեւ այս տարվա ապրիլի 29-ը ուսումնասիրել բնակավայրերում գործող համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակազմերի գործունեությունը եւ առաջարկություններ ներկայացնել հաստիքացուցակների օպտիմալացման մասին։ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի նախկին ղեկավար, այժմ Լուսաձորի վարչական ղեկավար Վարդան Սարդարյանը հայտնեց, որ նախկինում Լուսաձորի համայնքապետարանն ուներ 10 աշխատող, Իջեւան խոշոր համայնքի ձեւավորումից հետո համայնքապետարանի աշխատակազմում Լուսաձոր գյուղում կաշխատի 5 աշխատող։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ