Բանակն իրականում. Գասպարին Հասարակական կարգը չի խախտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Բանակն իրականում” հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել կառավարության շենքի դիմաց երեկ տեղի ունեցած միջադեպի և ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձերբակալության առնչությամբ։ Ստորև ներկայացվում է հայտարարությունը։

“2011թ. հոկտեմբերի 20-ին “Բանակն իրականում” հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ համատեղ կազմակերպել են բողոքի ցույց, որն ընթացել է խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ կառավարության շենքից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և փորձել խոչընդոտել միջոցառումը` հրելով ցուցարարներին և վնասելով ցուցապաստառը: Ցույցի մյուս մասնակիցների կողմից հնչել են բացականչություններ, որով արտահայտվել է նրանց վերաբերմունքը ոստիկանապետի բռնարարքի նկատմամբ: Ի պատասխան հնչեցված կարծիքների` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը արձագանքել է հանձնարարականով` մեկուսացնել ցուցարար Վարդգես Գասպարիին: Ալիկ Սարգսյանի հեռանալուց շուրջ 15-20 րոպե անց, մոտավորապես ժամը 12:15-ին, մի խումբ ոստիկաններ Վ.Գասպարիին ,հրավիրել ենե ոստիկանություն, սակայն նա մերժել է` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Այնուհետև, ոստիկանական խումբը, հրելով Վ.Գասպարիին շրջապատող քաղաքացիներին, նրան բռնությամբ տեղափոխել է ոստիկանական մեքենա և տարել ոստիկանության Կենտրոնի վարչություն: Առնվազն երեք ժամ այնտեղ պահելուց հետո, նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնի վարչության քննչական բաժին, որտեղ երեկոյան 20:00-ի շրջանում կազմվել է ձերբակալման մասին արձանագրություն: Վ.Գասպարին ներգրավվել է որպես կասկածյալ և նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի) 1-ին մասի հատկանիշներով:Հարկ է նշել, որ ականատեսների պատմություններն ու տեսանյութերը վկայում են, որ Վ.Գասպարիի կողմից հասարակական կարգը չի խախտվել, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց չի տրվել, իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար բռնություն չի գործադրվել և դա գործադրելու սպառնալիք չի եղել: Դրան հակառակ, ՀՀ հանրային հեռուստատեսությունը, հերթական անգամ օգտագործվելով իշխանությունների կողմից, խեղաթյուրում է իրականությունը, տարածում ապատեղեկատվություն ու ծավալում հակաքարոզչություն հասարակական կառույցների վերաբերյալ: Դարձյալ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայկական բանակում տիրող իրավիճակին համարժեք արձագանքելու, բանակային հանցագործությունները վերացնելու ու մեղավորներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն փորձում են լռեցնել քաղաքացիական ակտիվիստներին, որոնք բարձրաձայնում են հիմնախնդիրները:Դատապարտում ենք իշխանությունների կողմից սանձազերծված արշավը քաղաքացիական հասարակության կառույցների դեմ ու հանրային ռեսուրսի` հեռուստատեսության չարաշահումը և գնահատում այն որպես կոպիտ ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով մեզ ընձեռված միավորումների, հավաքների և արտահայտման ազատությունների ու իրավունքների նկատմամբ: Հիշեցնում ենք մեր երկրի իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ ոստիկանապետ Ա.Սարգսյանին, որ մեր նշված իրավունքների խոչընդոտումը քրեորեն հետապնդելի է ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածների համաձայն.

հոդված 143. Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը,

հոդված 161. Միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ դրանց գործունեությանը խոչընդոտելը,

հոդված 163. Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը”:




Լրահոս