«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող քաղաքական թիմը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Ազգային Ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ունեցել ու որոշել՝ ինչպես պետք է վարվեն, եթե խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողով գնա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին Փաշինյանը հրահանգել է որեւէ կերպ չարձագանքել, «ռեպլիկներ» ու «քոմենթներ» չթողնել դեպի իրենց կողմ եկող՝ ընդդիմադիրների քննադատություններին՝ ընդհուպ վիրավորանքներին: Տեղեկացանք նաև, որ եթե հանկարծ ընդդիմադիրները «Զարթի՛ր, լաո» երգը երգեն, ապա ՔՊ-ական պատգամավորները ոտքի էին կանգնելու ու ծափ տան նրանց երգին: Այդպես նրանք որոշել էին կրքեր չլարել և հավաքված քաղաքացիներին առավել չբարկացնել: Բայց ինչպես տեսանք, մեծամասնության պատգամավորները Փաշինյանի ելույթին ծափ տվեցին ու «Հայաստան» վանկարկեցին՝ այդպես էլ չհստակեցնելով՝ «Հայաստան» խմբակցության, թե Հայաստանի Հանրապետության անունն են վանկարկում:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, ապա նրանց քայլերում ու գործողություններում ակնհայտ ոչ միանշանակություն կար: Պարզ էր, որ կա՛մ ընդհանուր որոշում չկար, կա՛մ ոչ բոլորն էին դրանից տեղյակ: Դա ակնհայտ էր իրար հարցական հայացքով նայող ու դահլիճում միմյանցից անդադար հարցեր պարզաբանող ընդդիմադիրների վարքից:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համար