Ինչո՞ւ են լռում երբեմնի կոկորդ պատռող իրավապաշտպանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիմադրության» շարժման անդամների նկատմամբ ուժային կառույցների ուշադրությանը զուգահեռ սաստկանում է նաև մարդու իրավունքների համար զօրուգիշեր խոսացողների իրավապաշտպանների կամ հանրային գործիչների լռությունը: Մարդիկ, որ մինչև 2018-ը քննադատում էին ոստիկանների կամ իրավապահ այլ համակարգերի գործունեությունը, իշխանություններին մեղադրում ամեն ինչ վերահսկելու ու մարդկանց անհիմն, քաղաքական հայացքների համար ոստիկանության մի բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տանելը, այժմ լուռումունջ հետևում են՝ ինչ է կատարվում երկրում: Որոշներն անգամ կառավարություն են գնում, հանդիպում, ըստ երևույթին, վարչապետի հետ ու լռում են, լռում են, լռում: Որպես կանոն նրանք անգամ հրաժարվում են հարցազրույց տալ ու թթու խոսք ասել Նիկոլ Փաշինյանի և նրա կաբինետի մասին, ու կարելի է ենթադրել, որ կաշկադված կամ էլ ինչ-ինչ բաներից հուզված են:

Հիմնականում արևմտյան դոնորներից սնվող իրավապաշտպաններին բոլորս էլ գիտենք, նրանց անվանական առայժմ նշել չենք ցանկանում, բայց հորդորում ենք՝ դատապարտել անզեն անչքով տեսանելի բռնությունը ոստիկանների կողմից կնոջ ձեռը ոլորելով ոստիկանական մեքենա նստեցնելը, լրագրողին ուշագնացության աստիճանի հասցնելով նրա աշխատանքը խոչընդոտելը, հղի կնոջը վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելը, օրինակ 2012-ի գործերը ջրի երես հանելն ու քաղաքական գործիչներին լռեցնելու փորձերը, 2020-ին տեղի ունեցած միջադեպի մասով կուսակցական գործչին նոր միայն կալանավորելը և այլն, և այլն:
Հանուն մարդու իրավունքների՝ երբեմնի կոկորդ պատռող մարդկանց սիրով ու հանդուրժողականությամբ ենք խորհուրդ տալիս՝ մարդու իրավունքների մասին ընտրողաբար չխոսել, ի վերջո՝ մարդկանց զատումն ապա նոր պաշտպանումը, ըստ նրանց քաղաքական հայցաքների, կարծես թե դեմ է ժողովրդավարության և բոլոր սկզբունքներին:

Հ.Գ. Իրավապաշտպաններից ոմանք, այո, հրապարակային հարցազրույցներում դատապարտում են իրավապահ համակարգի ներկայացուցիչների հատվածական գործողությունները, բայց այս օրերին նրանք առանձին հայտարարություններով, գրառումներով, էլ ուր մնաց ելույթներով նախկինի նման հանդես չեն գալիս:

Սևակ Վարդումյան




Լրահոս