«Ես չեմ խաղում, ես ապրում եմ խաղի մեջ»: Այս խոսքերի հեղինակը վաստակաշատ դերասան Ռաֆայել Քոթանջյանն է: Թատրոնի եւ կինոյի մեծ վարպետը ծնվել է 1942 թ-ի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։
1964-1966 թվականներին Քոթանջյանը որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին Մոսկվայում հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի։
1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։
Խորհրդային կինոյի երկրպագուները Քոթանջյանին հիշում են «Հայֆիլմի» նկարահանած «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», ինչպես նաև «Մոսֆիլմում» նկարահանված «Երեքի սրտերը», «Զվարճալի ուղևորություն», «Ծովահենների թագավորությունը» և այլ ֆիլմերում նրա մարմնավորած կերպարներով։
1980 թվականին Ռաֆայել Քոթանջյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 2003 թվականին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։
2016 թվականից Քոթանջյանը Երևանի պատվավոր քաղաքացի է։ Ռաֆայել Քոթանջյանը մահացել է այսօր՝ հունիսի 13-ին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան