«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ երեք ամիս կա, սակայն քաղաքական իշխանություններն արդեն նրան փոխարինող են փնտրում: Բանն այն է, որ, ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի, մոտ երեք ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Ըստ նույն օրենքի՝ Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ կարող է առաջադրվել այդ պաշտոնում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանություններն ավելի հակված են իշխող ՔՊ-ի կողմից խորհրդարանին այլ թեկածու առաջարկել:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ թեկնածուներից մեկն էլ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից ճշտել՝ նման քննարկումներ կան, թե ոչ, եւ արդյոք առաջարկ ստացել է: Վերջինս նշեց. «Առաջին անգամ եմ լսում, ժպիտով եմ վերաբերվում նման լուրերին»: Բոլոր կառույցներում սեփական մարդկանց պաշտոնների նշանակելու մոլուցք ունեցող իշխանությունների պարագայում այսպիսի թեկնածուն սպասելի էր, եւ նույնկերպ սպասելի էին նաեւ մամուլի տեղեկությունները հերքել սիրող ՔՊ-ականների այսպիսի պատասխանները: Մենք կսպասենք զարգացումներին:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում