Հայաստանի տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը սպիտակ շաքարի ներմուծումը նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2- որոշմամբ Հայաստանին հատկացվել էր սպիտակ շաքարի ներմուծման սակագնային քվոտա, որի կիրառման ժամկետ սահմանվել էր մինչև այս տարվա օգոստոսի 31-ը ներառյալ։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նշված ժամկետը երկարաձգվել է եւ սահմանվել մինչև հոկտեմբերի 31-ը։ Ի դեպ, այս դեպքում տնտեսվարողները ազատվում են ներմուծման մաքսատուրքից՝ 60 հազար տոննայից ոչ ավելի ծավալով՝ լիցենզիայի առկայության դեպքում: Իսկ լիցենզիա տրամադրում է էկոնոմիկայի նախարարությունը:
Սակայն մեզ հայտնի դարձավ, որ կան ընկերություններ, որոնք դեմ են սահմանված այս պահանջին, քանի որ կառավարության որոշմամբ շաքարի հումքի ներմուծումն արդեն իսկ ազատված է մաքսատուրքի վճարումից։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել էր վարույթ հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ. «Սիլիկոն Թրեյդ» և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ նշելով, որ սպիտակ շաքարի ներմուծումը ազատվում է ներմուծման մաքսատուրքից, ընդ որում, նշված ժամանակահատվածի համար ներմուծման լիցենզիա տրամադրվել է այն տնտեսավարողներին, որոնք 2020 թվականի ընթացքում ներմուծել են ինչպես սպիտակ շաքար, այնպես էլ շաքարի հումք։
Ըստ այս ընկերությունների՝ ստեղծված իրավիճակը հանգեցնում է սպիտակ շաքարի շրջանառության ոլորտում մրցակցության սահմանափակմանը, քանի որ սահմանված պահանջին բավարարում է միայն մեկ տնտեսավարող սուբյեկտ։
Ս.Հ.