«Ժողովուրդ»-ը դեռեւս հոկտեմբերի 4-ին գրել էր, որ մենք շրջայց ենք կատարել Սեւանա լճի ափով եւ լուսանկարել այն հատվածները, որոնք ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իբրեւ թե մաքրվել են: Մենք արձանագրել էինք, որ ինչպես բոլոր տարիներին, այս տարի եւս ամպագոռգոռ բառեր հնչեցին նախարարության կողմից, թե Սեւանա լճում մաքրման աշխատանքները կատարվում են, բայց արդյունքն էլի չի երեւում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ՝ կառավարության շենքից դուրս գալիս, «ոտքի վրա» պատասխանեց «Ժողովուրդ»-ի մի քանի հարցերին, որոնք առնչվում են Սեւանա լճին:
-Պարո՛ն Հարությունյան, պաշտոնյաների կողմից հայտարարվում է, որ Սեւանա լիճը մաքրում են, սակայն «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է այդ թեմային եւ փաստերով նշել, որ չի մաքրվում: Մաքրման աշխատանքներն ինչո՞ւ նորմալ չեն կատարվում:
-Ձեր նման մտածողներից մի քանի հոգի հավաքում եք, ռադիկալ… ես կազմակերպում եմ ձեր այցելությունը Սեւան, դուք գնում եք, տեղում տեսնում եք եւ ձեր հարցերն ուղղում եք կառուցապատողին:
-Բայց դա նաեւ Ձեր խնդիրը չէ՞: Դուք ինչո՞ւ կոնկրետ չեք պատասխանում մեր հարցերին:
-Ո՛չ, մեր խնդիրն ա: Բայց քանի որ դուք չեք հավատում, որ Սեւանա լիճը մաքրվում է, եւ մենք մաքրման աշխատանքներ ենք իրականացնում…
-Իսկ մենք խոսում ենք փաստերով, մենք տպագրել ենք նաեւ այն լուսանկարները, որտեղ պարզ երեւում է, որ մաքրման աշխատանքներ չեն կատարվել:
-Դե հիմի ձեր լուսանկարները… ես ի՞նչ ասեմ, ի՞նչ լուսանկարներ ունեք, ձեզ համար ավելի ճիշտ կլինի այցելել, տեղում տեսնել` ինչն է մաքրված, ինչն է թողած, հետո նաեւ ձեր հարցերն ուղղեք: Իհարկե, ես էլ ձեզ հետ կլինեմ, կգնանք, կնայենք, խնդիր չկա, կտեսնեք, նոր հարցեր կուղղեք:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը համաձայն է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի առաջարկին` այցելելու Սեւանա լիճ եւ անձամբ տեսնելու այն հատվածները, որտեղ իբրեւ թե կատարվել են մաքրման աշխատանքներ, որոնք երեւում են նաեւ մեր լուսանկարներում: Մենք պատրաստ ենք նախարարի հետ մեկնել Սեւանա լիճ նոյեմբերի 5-ին: Ժամկետը նշանակում ենք նախապես, որպեսզի Հայաստանի բազմազբաղ նախարարը պլանավորի իր անելիքները: Իսկ ժամադրությունն անհետաձգելի է:
ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՎԻՐԵՑ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ` ՇՐՋԱՅՑԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ