Շուտով հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր մեգահումորային նախագծի՝ «Սոսի Լոս»-ի 4-րդ երթերաշրջանը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց սցենարիստ Անուշ Պետրոսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս անգամ գրեթե ամբողջությամբ փոխվել է նախագծի անձնակազմը, բացի դերասան Սոս Կարապետյանից եւ Արմինե Պողոսյանից, իսկ նկարահանումներն անցկացվել են Հավայան կղզիներում:
«Նկարահանումները անցել են շատ հետաքրքիր: 15 օր ապրել ենք Հավայան կղզիներում, ու պատկերացրեք՝ ինչեր կլինի, եթե դերասանական անձնակազմը մի վայրում ապրի ու աշխատի: Շատ մեծ արկածների միջով ենք անցել: Առավոտյան 4.30-ին արթնանում էինք, որպեսզի հասնենք անտառ, որից հետո էլ՝ օվկիանոսի ափ՝ նկարահանումներ անելու, քանի որ մեզ հարկավոր էր ստանալ այնպիսի տեսարան, որը նմանվեր չբնակեցված կղզու: Շուրջ 30 րոպե օվկիանոսի միջով քայլել ենք՝ տեխնիկան բարձր գլխներիս դրած, որ կարողանայինք նկարահանումներ անել: Նկարահանումները անցել են շատ զավեշտալի, անգամ նկարահանել ենք տեղի բնակիչներին, հրավիրել ենք պարողների, դերասանների»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ Անուշ Պետրոսյանի՝ նախագիծը մասշտաբայնորեն շատ մեծ է, ունի շատ մեծ բյուջե եւ պահանջում է շատ մեծ ծախսեր: Նրա կարծիքով՝ նախագիծը շատ ստացված է, հանդիսատեսի սպասելիքները կարդարացվեն:
«Նկարահանումները հատուկ արվել են Մաու կղզում, որը հայտնի է իր կախարդական բնությամբ: Պատկերացրեք՝ 3:30 ժամ բարձրացել ենք մի նեղ ճանապարհով, եւ երբ ներքեւ էինք նայում, ամպերը մեր ոտքերի տակ էին հայտնվում. խենթանալու տեսարան էր: Առաջին անգամ ցուցադրելու ենք անանասի պլանտացիա, հատուկ մրգերի ծառեր, որոնք առաջին անգամ մեր նախագծում են մարդիկ տեսնելու»,- հավելեց նա:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ
Երեկ Արցախի Հանրապետությունում՝ «Վերածնունդ» հրապարակում, բազմահազարանոց հանրահավաք էր՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի անվտանգության: Արցախցիները եւս մեկ անգամ վերահաստատեցին, որ Արցախը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ ընդունելով հայտարարություն: Ըստ հայտարարության՝ արցախահայությունը ՀՀ իշխանություններից պահանջում է հաշվի առնել իրենց շահերը եւ տեր կանգնել Հայաստանի զավակ Արցախին:
Այս ոգեշնչող հանրահավաքը ոգեւորել է նաեւ շոուբիզների ներկայացուցիչներին, որոնք իրենց գրառումներով աջակցել են նրանց.
Երգչուհի Սոֆի Մխեյան
Երգիչ Վարդան Բադալյան
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյան (Մրո)
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԸ
«Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը 34-րդ հաղթանակն է տարել կարիերայում։
Այս մրցաշրջանում «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդը տարել է 14-րդ հաղթանակը եւ մեկ մրցաշրջանի փուլերում հաղթանակների քանակով գերազանցել է գերմանացիներ Միխայել Շումախերի եւ Սեբաստիան Ֆետելի ռեկորդը։ Շումախերը 2004 թվականին էր 13 հաղթանակ տարել, Ֆետելը՝ 2013-ին։
Մաքս Ֆերստապենն այս մրցաշրջանում ժամանակից շուտ էր նվաճել տիտղոսը՝ պաշտպանելով անցած տարվա չեմպիոնությունը։
ԿՊԱՅՔԱՐԵՆ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն։ Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն Իտալիայի չեմպիոն «Միլանն» ու Թուրինի «Յուվենտուսը»։
Անցած մրցաշրջանում Օդրիոսոլան վարձակալությամբ հանդես էր գալիս իտալական «Ֆիորնտինայում»։ Այս մրցաշրջանում նա դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում։ Արքայական ակումբը պատրաստ է վաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Օդրիոսոլան 2018-ին «Ռեալ Սոսիեդադից» է տեղափոխվել «Ռեալ»։ Նա վարձակալությամբ խաղացել է նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»։
«ԻՆՏԵՐ ՄԱՅԱՄԻՆ» ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ղեկավարությունը հույս ունի, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հաջորդ ամռանը կընդունի իրենց առաջարկը եւ ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Ֆլորիդա։
Մեսին այժմ դիտարկում է «Բարսելոնա» վերադառնալու եւ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակները։
Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» ղեկավարները մի քանի հանդիպում են ունեցել Մեսիի հոր հետ։ Խորխե Մեսին ֆուտբոլիստի գործակալն է։
«Ինտեր Մայամիի» համասեփականատերերից է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը։