Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ:
«Երկու հիանալի ղեկավարներ, ինչպիսիք են Ռոմաանոս Մելիքյանի անվան քոլեջի և Ղազարոս Սարյանի անվան դպրոցի ղեկավարները, ընկերության և համագործակցության հուշագիր են ստորագրում: Սա շատ կարևոր իրադարձություն է և պետք է օրինակ դառնա մյուս բոլոր կրթօջախների համար»,-ասաց Արմեն Բուդաղյանը:
Համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց նվերի հանձնումը: Ղազարոս Սարյանի դուստրը՝ Սոֆյա Սարյանը իր մեծանուն հայրիկի դիմանկարը նվիրեց նրա անունը կրող դպրոցին: Դիմանկարը պատկանում էր կոմպոզիտորի երևելի հոր՝ վարպետ Մարտիրոս Սարյանի վրձնին:
Արմեն Բուդաղյանն էլ մանրամասնորեն ներկայացրեց և դպրոցին հանձնեց բավականին արժեքավոր գրականություն: Նախքան այցը պարզել էին, որ դպրոցը 7-րդ դասարանի «Երաժշտական գրականության» դասագրքի կարիք ունի:
Համագործակցությունից երկու կողմերն էլ ակնկալում են արդյունավետություն, փոխաջակցություն և մշակութային կրթության որակի բարձրացում: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը նշեց, որ մեծանուն երաժիշտը՝ ինքն էր խրախուսում իր ամբողջ կյանքի ընթացքում խրախուսում շրջաններ այցելելն ու տեղի մշակութային հաստատությունների զարգացմանը նպատելը: «Այժմ շատ ուրախ ենք քոլեջ-դպրոց համագործակցության մեկնարկի առթիվ: Կարևոր է, որ երեխաները կշփվեն միմյանց հետ, միմյանցից կսվորեն և առաջընթաց կունենան»,-ասաց Վարազդատ Խաչումյանը: Ղազարոս Սարյանի անվան դպրոցի տնօրեն Գայանե Հովհաննիսյանն էլ համագործակցության հուշագրի ստորագրումը կարևոր համարեց փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնություններով հանդես գալու, մեթոդական և կադրային հարցերում աջակցություն ստանալու առումով:
Համագործակցության հուշագրի ստորագրման առթիվ կողմերին շնորհավորեց ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը ասաց․ «Մեր ընկերությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում մշակութային և սոցիալական նախագծերին, որոնք կամուրջներ են կառուցում մարդկանց, հասարակությունների և երկրների միջև: Երկու ուսումնական հաստատությունների համագործակցության գաղափարն ուղղված է մայրաքաղաքի և մարզերի միջև մշակութային և ստեղծագործական կապերի զարգացմանը։ Համոզված եմ, որ երկու կողմերն էլ ունեն հետաքրքիր նախագծեր և տաղանդավոր կատարողներ՝ միմյանց հետաքրքրելու և ստեղծագործաբար զարգանալու համար»։
Նա ընկերության ղեկավարության անունից վստահեցրեց, որ ընկերությունը պատրաստակամ է հովանավորել մշակութային երկու հաստատությունների համատեղ միջոցառումները: Հենց այդպիսիս միջոցառմամբ ամրապնդվեց համագործակցության սկիզբը: Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաները ներկայացան համատեղ համերգով։ Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ նաև ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության կողմից Արարատ քաղաքում իրականացված ներդրումային ծրագրերին, որոնք ուղղված են եղել համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, համայնքի բարեկարգմանն ու զարգացմանը: