Երկու տարվա ընդմիջումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց իր երբեմնի գործընկերներին՝ լրագրողներին: Կառավարությունն ամենայն մանրամասնությամբ էր պատրաստվել ասուլիսին: Նախ ասուլիսը նախատեսված էր եւ մեկնարկեց 12:00-ին, սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էին մեկ ժամ շուտ՝ 11:00-ին: Բնականաբար գրեթե բոլոր լրագրողները եկել էին նախատեսվածից 5-10 րոպե ավելի շուտ եւ ստիպված էինք սառել դրսում: Մեզ չթողեցին ներս մտնել: 10:50-ից սկսած մոտ 20 րոպե ձմռան ցրտին կանգնել էինք կառավարության շենքի դիմաց: Վերջապես կառավարության անվտանգության աշխատակիցներից մեկը ցուցակը ձեռքին դուրս եկավ եւ սկսեց հերթով կարդալ լրագրողների անունները, որոնք պետք է երկու-երկու կամ երեք-երեք ներս մտնեին եւ անցնեին անվտանգության վերահսկողության ուղղով: Այսինքն՝ մանրազնին հետազոտեցին մեզ՝ անցկացնելով նաեւ մետաղաորսիչ սարքի միջով:
Ի տարբերություն նախորդ ասուլիսների, այս անգամ կառավարության անվտանգության ծառայությունը ոչ թե կառավարության հավատարմագրերով էր մեզ ներս թողնում, այլ պահանջում էին անձը հաստատող փաստաթուղթ: Ավելին՝ այն ոչ թե միայն ցույց էիր տալիս եւ անցնում, այլ թողնում անվտանգության աշխատակիցների մոտ եւ միայն դուրս գալիս վերցնում: Սա «Անձնագրի մասին» օրենքի կոպիտ խախտում է, քանի որ ուրիշի անձնագիրը որեւէ դեպքում որեւէ մեկն իրավունք չունի պահել իր մոտ, եթե անձը մեղադրյալ կամ կասկածյալ չէ եւ չի գտնվում քննիչի մոտ: ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, «Արգելվում է անձնագիրը վերցնելը»:
Ինչեւէ, անձը հաստատող փաստաթղթերը ներքեւում թողնելուց հետո, էլի սպասեցինք մի որոշ ժամանակ, մինչեւ ներկաներիս բաժանեցին երկու խմբի եւ ուղեկցեցին ասուլիսի համար նախատեսված սրահ: Այս անգամ ասուլիսը տեղի ունեցավ ոչ թե կառավարության նիստերի դահլիճում, այլ միջանցքում, որն ինչպես նշվեց, ավելի ընդարձակ էր եւ առանձնապես տեղի խնդիր չկար, քանի որ օպերատորները չէին եկել. ասուլիսը ուղիղ հեռարձակում էր:
Եւ այսպես, գրեթե 40 րոպե շուտ բոլոր լրագրողներն արդեն նստած էին, նախապես հերթագրվել էինք հարցերի համար եւ սպասում էինք ասուլիսի մեկնարկին: Այդ ընթացքում միջանցքում ելումուտ էին անում մի քանի պաշտոնյաներ, որոնք ասուլիսի մեկնարկից առաջ լքեցին տարածքը:
Նրանց թվում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, նույն հեռուստաընկերության Գործադիր տնօրենի տեղակալ – գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:
Հավելենք, որ ասուլիսին ներկա էին բացառապես լրագրողներ եւ լուսանկարիչներ, հենց Հանրային հեռուստաընկերությունն էր ապահովում ասուլիսի ուղիղ հեռարձակումը: Փաշինյանը, ինչպես նկատվեց, երկար էր պատրաստվել 4 ժամ տևած ասուլիսի հարցերին. աշխատում էր հունից դուրս չգալ, ձայնը չբաձրացնել:
Նաիրա Հովհաննիսյան