ՖՈՏՈ. «Գարուն ա» ֆիլմի հաղթանակները Մադրիդի կինոփառատոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Գարուն ա» գեղարվեստական ֆիլմը հերթական հաջողությունն է գրանցել միջազգային կինոփառատոնում: Ֆիլմն այս անգամ ներկայացված է եղել Մադրիդի կինոփառատոնին՝ արժանանալով երկու մրցանակի՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, իսկ անցյալ տարվա ընթացքում ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ կինոփառատոնների եւ բազմաթիվ մրցանակներ շահել։

Հիշեցնենք, որ ֆիլմը էկրան է բարձրացել 2022 թվականի գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, հանրությանը ներկայացվել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, ֆիլմ՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով:

Պրեմիերան տեղի է  ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում։ Հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական նվագախումբն է  ներկայացրել ֆիլմի սաունդթրեքը, իսկ ֆիլմի հեղինակները պատմել են կինոնկարի մասին։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը, մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով, դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։

Հավելենք, որ կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է, մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, ով ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ, սակայն հերոսի կյանքում ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը:

Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս