ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակմանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունից ելնելով, առաջիկայում սպասվում է մեկօրյա աշխատանքային այց Դոհա, որտեղ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպելու եմ Քաթարի վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ:
Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օգտագործում և շարունակելու եմ օգտագործել բոլոր հարթակները՝ թե՛ առցանց, թե՛ տետատետ ֆորմատով, որպեսզի բարձրաձայնեմ Հայաստանի և Արցախի քաղաքացիների ոտնահարված իրավունքները՝ հստակ ակնկալելով, որ Ադրբեջանը պիտի պատժվի որպես ագրեսոր պետություն:
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, 120 000 հայի պատանդի կարգավիճակում պահելը, Արցախում հումանիտար աղետի առաջացման նկրտումները պետք է դատապարտեն և կանխարգելիչ գործուն քայլեր ձեռնարկեն աշխարհի բոլոր պետությունները»: