Իգական սեռի քաղաքացիները կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու դիմաց կվարձատրվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է դրել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այս պահի դրությամբ նախագծին կողմ է քվեարկել 4, իսկ դեմ՝ 5 անձ: Մեզ հայտնի դարձավ, որ նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվելու է 6 ամիս:
Բացի այս, նրանց ծառայության վայր նշանակվելու է առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր, սահմանվելու է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն կսահմանվի պատվովճար՝ 1,5 մլն դրամի չափով: Ի դեպ, տեղեկացնենք, որ օրենքի այս նախագծի ընդունումը այս և հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության:
Ըստ պաշտպանության նախարարության՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Իսկ համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավվելու են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:
Ս.Հ.