ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ՍՊԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

 

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան ավտոբենզինի եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:

Ե.Հ.-ն, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով օրվա հերթապահից ճշտելով այդ ստորաբաժանմանը հատկացված դիզելային վառելիքի եւ ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված ավտոբենզինով լցված 5 լիտր տարողությամբ տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան եւ վառարանը վառել ավտոբենզինով: Դրա հետեւանքով կացարանում բռնկվել է հրդեհ:

ՀՀ ՊՆ համապատասխան մի շարք պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով (հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով չապահովելու պատճառով) կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել մարել հրդեհը, այլ նաեւ պահուստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները եւ դուրս գալ այնտեղից:

Ե.Հ.-ի կողմից կացարանում հրդեհ բռնկելու եւ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հակահրդեհային պաշտպանության միջոցներով անձնակազմին չապահովելու հետեւանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան եւ 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

«Ժողովուրդ» օրաթերը գրել էր, որ 5 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով նախաքննական մարմինը քննարկում է սպայի մեղադրանքի եւ խափանման միջոցի հարցը:

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել, եւ բավականին խիստ է դրվել հարցը. հարկ է պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ՝ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել:

 

Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու իրավունք՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

Քուրդ ազատամարտիկներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից, այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ, եւ, ահա, 7 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր ահազանգել այն մասին, որ քուրդ ազատամարտիկները, որոնք գտնվել են Հայաստանում եւ պայքարել են թուրքական բռնատիրության դեմ, այսօր Թուրքիայում են:

Ինչպե՞ս են նրանք հայտնվել Թուրքիայում. ահա հենց այս առեղծվածն էլ, հուսանք, կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ նրանց արտահանձնումը հերքել էր նաեւ Արդարադատության նախարարությունը: Փաստորեն, պետական ատյանները անտեղյակ են մեր երկրից Թուրքիա հայտնված քրդերի դեպքից: Ստեղծված իրավիճակի մասին զրուցել ենք Պրոբացիոն ծառայության տնօրեն Գեւորգ Սիմոնյանի հետ.  ի՞նչ պետք է աներ ծառայությունը, որ չի արել: Ըստ նրա՝ Պրոբացիոն ծառայության թերացումն այս գործում չկա, եւ քուրդ ազատամարտիկները մինչեւ ծառայության հսկողության տակ լինելն են լքել սահմանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Դատարանը բավարարել է բանակին զենք մատակարարած Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանին 2 ամսով կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Այս մասին հայտնեցին ԲԴԽ-ից:

Դավիթ Գալստյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին մեղադրյալ է «անպիտան հրթիռների» գործով։ Նա նույն գործով՝ կալանավորվել, ամիսներ անց էլ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին կալանավորելու ու նրա գործողությունների մասով ԱԱԾ բացահայտումների շղթան, չի բացառվում, հասնի մինչեւ ՊՆ գեներալների: Տեղեկացանք, որ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է ՊՆ պաշտոնյաների ներգրավվածությունը: Գրել էինք, որ Դավիթ Գալստյանը կալանավորվելու է, քանի որ ԱԱԾ-Ն բացահայտումներ է արել նրա ՍՊԸ-ի կողմից միլիարդների չարաշահումների մասով:

 

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՆՌՆԱԿ

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները հունվարի 30-ին՝ ժամը 23:40-ին, Կիլիկիայի եւ Վերֆելի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել եւ ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 38-ամյա մի բնակչի իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով: Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով: «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Քասախցի տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

 

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԴԱՆԱԿՈՎ

Հունվարի 31-ին՝ ժամը 23:40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 29-ամյա մի բնակիչ եւ հայտնել, որ Խանջյան փողոցի բարերից մեկում երկու երիտասարդի հետ գումարային հարցի շուրջ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը դանակի սպառնալիքով վերցրել է իր բջջային հեռախոսն ու ոսկյա մատանին:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են երիտասարդների ինքնությունը:

Մայրաքաղաքի բնակիչ, 20-ամյա եղբայրները փետրվարի 1-ին՝ ժամը 00:05-ին, Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս