ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երեւան քաղաքում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը:
2021թ. մայիսի 14-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Վարդա» ակումբի սրահում երկու հաճախորդ ուսերով հպվել են միմյանց, ինչի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով դուրս են եկել ակումբից: Նրանց են միացել բազմաթիվ անձինք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է ակումբի ավտոկայանատեղիում: Վիճաբանության ժամանակ վերոնշյալ հաճախորդներից մեկը՝ Արարատի մարզի 34-ամյա բնակիչ Գ. Խ.-ն, անտեսելով տարածքին հարակից բնակելի տների, բանուկ տարածքի, ինչպես նաեւ տվյալ պահին տարածքում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, մի խումբ անձանց մասնակցությամբ հրահրել է ծեծկռտուք: Խուլիգանության մասնակիցներն աղմկել են, հայհոյել, ոտքերով ու ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Քննությամբ պարզվել է, որ Գ.Խ.-ն, իր անձի կարծեցյալ առավելությունները ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված, ապօրինի կերպով ձեռք բերած եւ իր մոտ պահվող 5,6մմ տրամաչափի ակոսափող փամփուշտներով լիցքավորված զենքով կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով մարմնական վնասվածք: Այնուհետեւ 34-ամյա տղամարդը եւ միջադեպի մյուս մասնակիցները, հակադրվելով ակումբի աշխատակիցների եւ հաճախորդների կողմից հնչեցրած հանդարտվելու կոչերին, չբավարարվելով կատարվածով, շարունակել են հայհոյել եւ բռնություն գործադրել միմյանց նկատմամբ: Գ.Խ.-ն եւ միջադեպի մյուս մասնակիցները շուրջ 30 րոպե տեւողությամբ կատարած դիտավորյալ խուլիգանական գործողություններով խաթարել են ակումբի բնականոն գործունեությունը, խախտել են ակումբի աշխատակիցների եւ հաճախորդների, ինչպես նաեւ հարակից տարածքում գտնվող եւ երթեւեկող քաղաքացիների հանգիստն ու գիշերային անդորրը՝ նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում. բազմաթիվ հաճախորդներ պաշտպանվելու համար դիմել են փախուստի:
Խուլիգանության մասնակիցների գործողությունները դադարել են միայն ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց եւ 34-ամյա տղամարդուն ու ներկաներից շատերին բերման ենթարկելուց հետո: Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Գ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու: Դեպքի այլ մասնակիցների, ինչպես նաեւ հրազենի իրացման դրվագներով նախաքննությունը շարունակվում է։
ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ
Փետրվարի 2-ին՝ ժամը 21:00-ին, «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտ քաղաքի 26-ամյա բնակչուհի Ա. Գ.-ն եւ իր 2-ամյա որդի Ս. Բ.-ն:
Դեպքի վայր մեկնած շրջբաժնի պետի տեղակալ Ա.Հայրապետյանը պարզել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի 25-ամյա բնակիչ Ա.Ա.-ն 0.169 մգ/լ ոչ սթափ վիճակում վարելով «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 83 շենքի դիմացի ճանապարհահատվածում վերջիններիս վրաերթի է ենթարկել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայությունները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հանցավորության, այդ թվում՝ անսթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործող վարորդների դեմ պայքարը, դժբախտ ելքով դեպքերն ու պատահարների նվազեցնելու ուղղությամբ:
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է 3-ՐԴ ԱՆԳԱՄ
15 զինվորներին կյանքից զրկելու գործով սպայի պաշտպանը ներգրավվել է գործին եւ արդյուքում ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հերթական անգամ հարցաքննության, սակայն սպան հերթական անգամ հրաժարվել է ցուցմունք տալ: Նշենք, որ սպան բանավոր ցուցմունք էր տվել, պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, սակայն երկրորդ անգամ է հրաժարվում ցուցմունք տալ: Անգամ պաշտպանի ներկայությամբ նա հրաժարվել է ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց, ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն եւս կալանավորվել է: Այժմ քննարկվում է սպայի հարցը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀՀ ՊՆ համակարգի վարչության պետի տեղակալը դիմել է դատարան ընդդեմ Պաշտպանության նախարարության: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կառլեն Միրզոյանը դիմել է դատարան՝ պահանջելով 22.10.2022թ. թիվ 0537 հրամանն անվավեր ճանաչելուն, հայցվորին աշխատանքում վերականգնելուն եւ ՀՀ ՊՆ համակարգի վարչության պետի տեղակալ՝ 39 դասակարգմամբ, հաստիքի նշանակելուն, 22.10.2022թ. թիվ 0537 հրամանի արձակմամբ հայցվորին չվճարված աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները հաշվարկելուն եւ վերջինիս վճարելուն պարտավորեցնել:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Կենտրոնում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել: Կենտրոնի բնակարանի բնակիչներից ՌԴ քաղաքացի Յ. Զիլինսկայան տանը կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, ինչը կանխվել է ամուսնու կողմից։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է այդ քայլին գնալ, քանի որ այս տարվա հունվարի 29-ին մահացել է իր դուստրը, եւ նա այդ ցավին չի կարողանում դիմանալ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՔՑՐԵԼ Է ՏՐԱԿՏՈՐԸ
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ 23.02.2017թ. կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա ԱՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորը այն վարող անձի կողմից 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի եւ հափշտակելու նպատակով տեղափոխվել էր ՀՀ Սյունիքի մարզ, իսկ այնուհետեւ՝ ՀՀ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին է ներկայացրել տեղեկություններ այն մասին, որ հիշյալ տրակտորը մնացել է 2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում՝ դրա դիմաց ստանալով 5.000.000 դրամի չափով աջակցություն, ինչպես նաեւ 12.000.000 դրամի չափով մուրհակ, իսկ ԱՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը զրկվել է սեփականության իրավունքով ձեռք բերած, 17.000.000 դրամ արժողությամբ տրակտորը տնօրինելու, տիրապետելու իրավունքից. տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տրակտորը հայտնաբերվել է ՀՀ Էջմիածին քաղաքում: Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն: