«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ԽԱԲՈ՞ՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչներից կրկին ահազանգ է ստացել, որ «Աշտարակ կաթ» ընկերությունն իրենցից վերցրած կաթի համար արդեն երեք ամիս է` չի վճարում: «Ընդդիմադիր» դաշնակցական պատգամավոր Աշոտ Ափոյանին պատկանող ընկերության այդօրինակ գործելաոճին մի անգամ էլ էինք անդրադարձել, եւ այն ժամանակ «Աշտարակ կաթ» ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը վստահեցրել էր, թե հարցը կշտկվի: Բայց, ինչպես երեւում է, խնդիրը դարձյալ չի լուծվել:
«Ժողովուրդ»-ը երեկ կրկին զրուցեց պարոն Ասլանյանի հետ` պարզելու, թե որն է վճարումների ուշացման պատճառը: Տնօրենը նախ զայրացավ, որ իրեն անհանգստացնում ենք, ապա ասաց, թե միայն գրավոր կպատասխանի: Օրվա վերջում գրավոր տեղեկացրեց. «Ընկերությունն  իր բոլոր մատակարարների հետ, այդ թվում նաեւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ, համագործակցում է համաձայնեցված ժամանակացույցով, որտեղ հստակ սահմանված են մթերման վճարման ժամկետները: Ինչ վերաբերում է Ձեր այն պնդումներին, որ կան համապատասխան բողոքներ, ապա ցանկալի կլիներ, որպեսզի նման հայտարարությունները հերթական անգամ չհնչեին մերկապարանոց եւ կոնկրետ նշվեին  բողոք ներկայացնողների անունները: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի տեղեկացնել Ձեզ, թե կոնկրետ այդ անձիք, համաձայն վերոնշյալ ժամանակացույցի, երբ կստանան իրենց հասանելիք գումարները»: Այսինքն` «Աշտարակ կաթ»-ը չի հերքում, որ ուշացումներ կան, փոխարենը փորձում է պարզել, թե ով է բողոքում իրենցից, որպեսզի «հախից գա»: Իսկական բիզնես մտածողություն է:




Լրահոս