Լուսանկարը՝ համացանցից
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությանը Գեղարքունիքի մարզից մասնակցել են 9 մարզիկներ, որոնցից 3-ը տուն են վերադարձել մեդալներով։
Ոսկե մեդալ է նվաճել Մարտունու մարզադպրոցի սան, 63 կիլոգրամ քաշային Լիլիթ Ասատրյանը։
Արծաթե մեդալ է նվաճել Ճամբարակի մարզադպրոցի սան, 75 կիլոգրամ քաշային Սմբատ Նազարյանը։
Բրոնզե մեդալակիրը եւս ներկայացնում է Ճամբարակի մարզադպրոցը. նա 54 կիլոգրամ քաշային Վեհմեր Մարտիրոսյանն է։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ պարսպապատել իմ տարածքը: Ումի՞ց պետք է թույլտվություն ստանալ:
Մանուկ Մարգարյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքի վարչական սահմաններում պարսպի կառուցապատման նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանքը, կառուցապատման թույլտվությունները եւ այլ փաստաթղթեր տալիս է համայնքի ղեկավարը, իսկ Երեւանում՝ Երեւանի քաղաքապետը։ Այդ նպատակով, նախ, անհրաժեշտ է դիմել համայնքի ղեկավարին կամ քաղաքապետին՝ խնդրելով տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նախագծելու համար Ձեր հողատարածքի պարսպի ճարտարապետական նախագիծը։
Դիմումին պետք է կցեք Ձեր անձնագրի պատճենը, սեփականության վկայականի եւ նշահարման ակտի պատճենները։ Ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստանալուց հետո պետք է դիմել ցանկացած լիցենզավորված ճարտարապետական կազմակերպության՝ խնդրելով առաջադրանքին համապատասխան նախագծել պարսպի կառուցման սխեման եւ կազմել ամբողջական նախագիծ։ Այնուհետեւ նախագիծը, որի մեջ ներառվում են նաեւ հողի հետ կապված Ձեր փաստաթղթերը, պետք է ներկայացնեք համայնքի ղեկավարին կամ քաղաքապետին՝ խնդրելով տալ շինարարական թույլտվություն՝ պարիսպը նախագծին համապատասխան կառուցելու համար, եւ միայն շինարարական թույլտվությունը ստանալուց հետո իրավունք կունենաք իրականացնել շինարարական աշխատանքներ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումների ձեւերը առկա են համայնքներում եւ քաղաքապետարաններում, եւ գործում է մեկ պատուհանի սկզբունքը. անհրաժեշտ է միայն փաստաթղթերով ներկայանալ եւ լրացնել դիմումները։
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ինձնից գումար հափշտակելու գործը հասել է դատարան, բայց գումարս չեմ ստացել. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
Գեղամ Գասպարյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը տուժել է հանցագործության հետեւանքով, եւ նրանից խարդախությամբ գումար են հափշտակել, ապա տվյալ անձը քրեական գործով ճանաչվում է որպես տուժող եւ մասնակից դարձվում թե՛ քրեական գործի նախաքննությանը եւ թե՛ դատարանում գործի քննությանը։ Քրեական գործի հարուցումից հետո տուժողն իրավունք ունի քաղաքացիական հայց ներկայացնել դատարանին՝ խնդրելով դատավճիռ կայացվելու դեպքում խարդախությամբ հափշտակված գումարը հետ գանձել ամբաստանյալից հօգուտ տուժողի։ Նա դրանով իսկ կստանա նաեւ քաղաքացիական հայցվորի կարգավիճակ քրեական գործով։ Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է գույքային վնաս: Քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին որոշում կարող են կայացնել հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը՝ կախված այն հանգամանքից, թե որ փուլում է գտնվում քրեական գործի քննությունը։ Դատարանում գտնվող քրեական գործի քննության ընթացքում քաղաքացիական հայցի ներկայացման դեպքում տուժողին որպես քաղաքացիական հայցվոր ճանաչում է դատարանը։
ՀՀ քննչական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացիական հայցն իր մեջ պետք է պարունակի Ձեզանից հափշտակված կոնկրետ գումարի չափը, որը ցանկանում եք, որ հետ գանձվի հանցագործություն կատարած անձից։ Քաղաքացիական հայցը պետք է հասցեագրել այն դատավորին, որը քննում է քրեական գործը, իսկ օրինակները պետք է ուղարկեք ինչպես մեղադրանքը պաշտպանող դատախազին, այնպես էլ մեղադրվող անձանց։