Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը:
Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան:
ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ, ով պարբերաբար դեմ է արտահայտվել հանքի շահագործմանը:
-Տիկի՛ն Աբրահամյան, այսօր հայտնի դարձավ, որ չնայած շատ դժգոհություններին՝ Ամուլսարի հանքը կրկին կշահագործվի, ի՞նչ կասեք այս մասին.
-Որեւէ կերպ չեմ պատկերացնում, թե ինչն է փոխվել, որ հիմա վտանգները կարող են չեզոքացված համարվել եւ թույլատրել այս հանքի շահագործումը։
Շատ լավ ծանոթ լինելով Էլարդի զեկույցին, որտեղ մանրամասն ներկայացված էին այս հանքի շահագործման հետեւանքով առաջացած բոլոր հիմնական վտանգները, բացարձակ անընդունելի է այս որոշումը, բացարձակ արդարացված չէ, եւ սա միայն այսօրվա խնդիր չի լինելու, սա տասնամյակներով կարող է վնասել ողջ պետությանը, հատկապես՝ երկրաշարժների այսպիսի ակտիվ գոտում եւ ակտիվ շրջանում գտնվելով։
Պետությունը դեռեւս չունի եղած հանքերի ու պոչամբարների վնասները ու հնարավոր աղետները կանխելու ծրագրեր, իսկ այս նոր հանքի դեպքում, որը կարող է սպառնալ միակ, ամենամեծ ջրային ռեսուրսի՝ Սեւանի աղտոտմանը, հնարավոր հետեւանքները կառավարելու նվազագույն կարողությունն անգամ չկա։
Քրիստինա Մուշեղյան