ԲՂԱՎՈՑՆԵՐ՝ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2023 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, գտնվելով «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերությանը պատկանող Խորենացի 24 հասցում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի ստորգետնյա ավտոկայանատեղիում, նկատել է հիշյալ ընկերության տնօրենի անվտանգության գծով օգնականի պաշտոնը զբաղեցնող Վաչագան Մերուժանի Հովհաննիսյանին պատկանող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան եւ մտադրվել է հիշյալ մեքենայից կատարել հափշտակություն. օգտվելով այն հանգամանքից, որ մեքենայի դռները կողպված չեն եղել՝ բացել է մեքենայի սրահի դռները եւ նկատել այնտեղ 2 հատ պոլիէթիլենային տոպրակներ, վերցրել է դրանք եւ փորձել դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից:

 

Այդ պահին Ալեքսանդր Հովհաննիսյանին նկատել է «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության հսկիչների ավագ հերթափոխի պետ Էդգար Սահակյանը եւ Վաչագան Հովհաննիսյանի անձնական վարորդ Գեւորգ Նազարյանը: Վերջիններս բղավել են նրա հետեւից, եւ նա կանգնել ու հետ է շրջվել, հարցրել են, թի ինչ է անում, իսկ Ալեքսանդր Հովհաննիսյանը, հասկանալով, որ իր կողմից կատարված հափշտակությունը նկատվել է Էդգար Սահակյանի, Գեւորգ Նազարյանի կողմից եւ անտեսելով այդ հանգամանքը, ստել է վերջիններիս՝ ասելով, թե իր ավտոմեքենայից իրեր է վերցնում. վերջինս այսպես հափշտակել է Վաչագան Հովհաննիսյանին պատկանող, 31.000 ՀՀ դրամ արժողությամբ, 0.7 լիտր տարողունակությամբ մեկ շիշ «Արարատ Դվին» տեսակի 20 տարվա հնեցմամբ կոնյակը՝ իր տուփով, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ ձմեռային ռետինե կիսաճտքավոր կոշիկները, 40.000 ՀՀ դրամ արժողությամբ ձմեռային բաժկոնը, ընդհանուր՝ 76.000 ՀՀ դրամ: Բացահայտ հափշտակված գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն, սակայն, չի ունեցել իր կամքից անկախ հանգամանքներում, մասնավորապես՝ Էդգար Սահակյանի կողմից հետապնդվելու եւ բռնվելու պատճառով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետ Ա.Ս-ն եւ նույն խմբի ղեկավար Լ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մի շարք անձանցից, այդ թվում՝ վերջինների կամ նրանց մատնանշած անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար նշված անձնագրային խմբի վարչական շենքում բազմաթիվ դրվագներով պահանջել եւ ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ:

 

ԱԱԾ-ից հայտնում են, որ դեպքերի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով քննչական ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Բացի այդ, 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչությունում ՀՀ քաղաքացին առերեւույթ հանցանքի մասին հաղորդմամբ հայտնել է, որ նույնականացման քարտ ստանալու նպատակով դիմել է Մարաշի անձնագրային խումբ, որտեղ նույն անձնագրային խմբի աշխատակից Ա.Ս-ն այն տրամադրելու դիմաց իրենից պահանջել է կաշառք-գումար:

2023 թվականի փետրվարի 10-ին իրականացված «Կաշառք ստանալու եւ տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում ՀՀ հիշյալ քաղաքացին քիմիական համապատասխան միջոցներով նախապես մշակված կաշառք-գումարը անձնագրային հիշյալ խմբի վարչական շենքում անձամբ տվել է Ա.Ս-ին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է եւ ներկայացրել է ստացված կաշառք-գումարը։

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ վարութային գործողությունների արդյունքում Ա.Ս-ն եւ Լ.Հ-ն բերման են ենթարկվել եւ ձերբակալվել։

Դատարանի որոշմամբ՝ Լ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ վարութային գործողություններ՝ բազմադրվագ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

 

 

 

ՍՈՒՏ ԱՀԱԶԱՆԳ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Ադջարաբեթ»-ում խաղադրույքներ է կատարել, որի արդյունքում տանուլ է տվել իր եւ ծնողների պահուստից 1600 ԱՄՆ դոլարին համարժեք 668.672 ՀՀ դրամ եւ չի կարողացել վերականգնել տանից վերցրած գումարների չափը: Տան անդամներին մոլորեցնելու համար եւ միաժամանակ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2022 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:35-ին, զանգահարել է իրավասու մարմին հանդիսացող ՀՀ ոստիկանության ՕԿԿ եւ կատարել իր նկատմամբ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ տեղի չունեցած հանցագործության մասին սուտ մատնություն՝ հայտնելով, որ նույն օրը իրենց տուն է մտել մորուքով անհայտ անձը, դանակ քաշել իր վրա՝ պահանջելով գումար, եւ վերցնելով 2000 ԱՄՆ դոլար՝ դիմել է փախուստի՝ վնասելով ձեռքը:

 

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Այրվածքաբանության կենտրոնում հարցաքննվել է եւ ցուցմունք է տվել հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը:

Գրել էինք, որ ծնողներից մի քանիսն արդեն հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այն, ինչ հրապարակային հայտարարել են ծնողները, նույնը պնդել են նախաքննական մարմնում:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը 15 զինծառայողների մահվան գործով նշանակել է թմրաբանական փորձաքննություն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր անձամբ տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատել էին. «Այո՛, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»:

Բանն այն է, որ սպայի եւ մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան՝   ինչու մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները դուրս չեն եկել այրվող կացարանից եւ փրկել իրենց կյանքը: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երեւույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս