ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Կարապետյան. այսպես ներկայացավ այն մարդը, ով արդեն ամիսներ շարունակ շվի է վաճառում Շրջանայինի գետնանցումի մոտ: Հետո հպարտությամբ ավելացրեց, որ ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: «30 տարի առաջ «Ժողովրդական գործիքներ»-ի գեղարվեստական մասի ղեկավար եմ եղել, կուլտուրայի տան վարիչ եմ աշխատել, «Հայ համերգ»-ում եմ աշխատել»,-ասում է նա: «Հիմա էլ գործիքներ եմ պատրաստում, հարցնողներին էլ խորհուրդներ եմ տալիս»:
Այժմ իր հիմնական ապրուստի միջոցը սա է, նրա խոսքով` այլ աշխատանքի առաջարկներ էլ են լինում, պարզապես ինքն էլ չի կարողանում աշխատել. տարիքը չի ներում:
Ալբերտ Կարապետյանն ասում է, որ Վերնիսաժում վաճառվող երաժշտական գործիքների մեծամասնությունը` դուդուկ, թառ, քամանչա, զուռնա, իր պատրաստածներն են: Այդ շնորհն իրեն ժառանգաբար պապից է անցել. «Ես պապիս չեմ տեսել, հերս էլ չի տեսել, բայց ժառանգել եմ: Դեռ 6 տարեկանից երաժշտական ընդունակություններ եմ ունեցել»:
Ա.Կարապետյանն արդեն 66 տարեկան է. «Դե թոշակի անցնելուց հետո էլ չեմ աշխատում: Իմ համար սա դուրս գալու, մի քիչ ման գալու միջոց է: Վաճառում եմ, մարդկանց հետ եմ զրուցում»: Այստեղ` փողոցում, նա վաճառում է օրվա մեջ 40-50 շվի, որն արժե ընդամենը 300 դրամ: «Էժան եմ տալիս, լավ է վաճառվում»,-ասում է նա:
Այս ինքնատիպ գործիքով հետաքրքրվողներն էլ տարբեր են` զբոսաշրջիկներ, ուսանողներ, երեխաներ. «Բոլորն էլ առնում են, գոհ եմ»: Իր այս նոր աշխատանքից կարծես թե գոհ է ՀՀ վաստակավոր արտիստը. «Վաճառում, վերջացնում եմ, գնում եմ տուն: Նորքի 9-րդ զանգվածում եմ ապրում»: Ամուսնացած տղա ունի, աղջիկ: «Արդեն թոռ ունեմ»,-դարձյալ հպարտորեն նշում է նա: Հիմա ապրում է փոքր տղայի հետ, որին, ինչպես ինքն է ասում, «դեռ չի ամուսնացրել, նրան էլ նոր պիտի ամուսնացնի»:  
Մեր զրույցի վերջում էլ դարձյալ հիշեցնում է` Ալբերտ Կարապետյան, ՀՀ վաստակավոր արտիստ…

ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Լրահոս