Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման պատճառով Ճապոնիայում տագնապի ազդանշան է հնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան հերթական հրթիռն է արձակել, որի պատճառով Ճապոնիայում տարհանման հրահանգ է տրվել, որը 30 րոպե անց չեղարկվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ Հոկայդո կղզում տագնապի ազդանշաններ են հնչել, բնակիչներին հորդորել են «անմիջապես տարհանվել», սակայն ավելի ուշ իշխանությունները չեղարկել են տարհանման հրահանգը՝ հայտնելով, որ հրթիռը կղզու մոտ չի ընկել:

Փհենյանի կողմից արձակված հրթիռը թռել է մոտ 1000 կմ: Նշվում է, որ դա, ամենայն հավանականությամբ, միջին կամ մեծ հեռահարության հրթիռ է եղել: Հարավային Կորեայի զինվորականներն այս արձակումը որակել են որպես «լուրջ սադրանք»:

Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունից հայտնել են, որ հրթիռն ընկել է ծովում՝ Հյուսիսային Կորեայից արևելք:

Հրթիռի արձակման պատճառով Հոկայդո կղզու դպրոցներում դասերի սկսվելու ժամերը հետաձգվել են, որոշ գնացքների աշխատանքը դադարեցվել է:

Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին հայտարարել է, որ Փհենյանի կողմից շարունակվող հրթիռային արձակումները «լուրջ և վերահաս վտանգ» են ներկայացնում երկրի անվտանգության համար:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը նշել է, որ վերջին արձակումը սրում է լարումը և սպառնում ապակայունացնել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը:

Բացի այդ, վերջին շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեան չի պատասխանում Հարավային Կորեայի հեռախոսազանգերին, որոնք օրական երկու անգամ կատարվում են երկու Կորեաների միջև սահմանին բախումները կանխելու նպատակով:

Այս տարի Հյուսիսային Կորեան արդեն 27 հրթիռ է արձակել: Փհենյանը քննադատում է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները՝ նրանց մեղադրելով Կորեական թերակղզում լարվածությունը սրելու մեջ:




Լրահոս