Զինվորական պաշտոնի նշանակված, սակայն ծառայության մեջ չգտնվող անձինք ևս փոխհատուցում կստանան. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում է փոփոխություններ կատարել ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում:

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված՝ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի կյանքին պատճառված վնասի հատուցումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Բանն այն է, որ  թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք ներառված չեն փոխհատուցում ստացող անձանց շրջանակում, որի կապակցությամբ նրանք զրկված են օրենքով սահմանված մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Ընդ որում, այս պահին նման խնդիր է ծագել մեկ անձի մասով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խնդիրը լուծել համակարգային՝ նման կարգավիճակ ունեցող անձանց ներառելով օրենքի գործողության ոլորտում:

Ն.Հ.




Լրահոս