Ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետը. աշխատակիցները գործարքի մեջ են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է քրեակատարողական հիմնարկներում։ Խնդիրը հասել է այնտեղ, որ ՔԿՀ աշխատակիցներն են դատապարտյալների հետ գործարքի գնում ու կլորիկ գումար «մեջ-մեջ» անում։

Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, երբ, իր ղեկավարած կառույցում, իր աշխատակիցները գործարքի մեջ են մտել դատապարտյալների ու նրանց հարազատների հետ։ Նշենք, որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ՝ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Հ. Խ.-ն եւ Ա. Գ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության եւ անվտանգության պահպանման կարգը, նախնական համաձայնությամբ, ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ հիշյալ ՔԿՀ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, նույն հիմնարկի դատապարտյալներից պարբերաբար ստացել են շուրջ 2.827.800 ՀՀ դրամ կաշառք։ Նշենք՝ այս բացահայտումները արվել են հենց Ատոմյանի ղեկավարման օրոք։

Ի պատասխան մեր հարցին,թե ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետը լրատվական բաժնից հայտնել էին .«վերոնշյալ քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված հիմնավոր տեղեկությունները Քրեակատարողական ծառայության կողմից են փոխանցվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, ինչպես նաև ԱԱԾ-ին։ Ինչ վերաբերում է, թե «․․․ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը», հավելենք, որ Քրեակատարողական ծառայությունը պետի գիտությամբ հետևողական է ցանկացած կոռուպցիոն դրսևորումների, հատկապես աշխատակիցների կողմից կատարված ապօրինի գործողությունների բացահայտմանը։

Վերոնշյալի ապացույցն են նաև Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները՝ քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված դեպքերի բացահայտման մասին։ Մասնավորապես վերջերս «Նուբարաշեն», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների ծառայողները փորձել էին գումարի դիմաց բջջային հեռախոսներ և թմրանյութեր փոխանցել ազատազրկված անձանց։ Մեկ անգամ ևս փաստենք, որ Քրակատարողական ծառայությունը անզիջում է յուրաքանչյուր ապօրինի դեպքը բացահայտելու ուղղությամբ և մշտապես հետևողական է լինելու իր կողմից որդեգրած գործունեության այն սկզբունքներին, առանձնահատկություններին ու գործելաոճին, որոնք ամբողջապես ուղղված են համակարգի աշխատանքի արդյունավետությանն ու առաջնահերթ պահանջներին»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս