Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատել է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով։
Այս մասին, ըստ tass.ru-ի, Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Կրկին, ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ) անցած նոյեմբերի նիստում, մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը տրամադրել Երևանին հնարավոր բոլոր օգնությունները՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության միջոցներով»,- ասել է նա։
Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների պատճառով առաջացած լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է, գրանցվում են զինված բախումների բռնկումներ։
«Իհարկե, մենք ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմանը», – հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։