Դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է Արարատի մարզի Այնթապ համայնքի (այսուհետ՝ նաև Համայնք) նախկին ղեկավար Կ.Ս.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու եւ կեղծիք կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն՝ համայնքային շահի պաշտպանության նպատակով հայց հարուցելու համար:
Հիշեցնենք, որ Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, ներկայում Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող (պաշտոնավարումը կասեցված է) Կ.Ս.-ն 2014 թվականի հոկտեմբերի 14-ին իր եղբորը՝ Հ.Ս.-ին, տրամադրել է պաշտոնական փաստաթուղթ՝ քաղվածք, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ գյուղապետարանում Հ.Ս.-ի անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետեւ նշված քաղվածքը՝ համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, 2014 թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացրել է Կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա 2014 թվականի հոկտեմբերի 23-ին գրանցվել է Հ.Ս.-ի սեփականության իրավունքը Այնթապ համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10/1 հասցեում գտնվող, 0.03676 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 13-ին քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով, օրինականացրել է Այնթապի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր Ն.Ն.-ի իրավունքները եւ առողջության համար վտանգ ներկայացնող, արտադրական նշանակության՝ 156.16 քմ մակերեսով անասնագոմն ու տնտեսական պահեստը:
Մեկ այլ դրվագով՝ 2020 թվականի փետրվարի 7-ին Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ, համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով իրեն է վաճառել Համայնքի Երեւան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7 քմ մակերեսով հողամասը, որից 76.16 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, իսկ 23 քմ մակերեսով հողամասը եղել է Համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքը. Կ.Ս.-ն իրեն է վաճառել նաեւ 52.3 քմ մակերեսով ավտոտնակը, 127.5 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 20.1 քմ մակերեսով մետաղական տնակը:
Բացի այդ, 2020 թվականի փետրվարի 18-ին կրկին համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի օժանդակությամբ՝ Այնթապ համայնքի Երեւան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5 քմ մակերեսով հողամասը, որից 27.5 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, եւ 85.5 քմ մակերեսով տեխսպասարկման կայանն օտարել է Գ.Մ.-ին:
2020 թվականի հուլիսի 27-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի 1-ին շարքում գտնվող 16.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, օտարել է Ա.Ս.-ին:
Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն 2020 թվականի օգոստոսի 4-ին առաջատար մասնագետի օժանդակությամբ՝ 30.9 քմ մակերեսով հողամասի վրա՝ ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման եւ անվտանգության գոտում ինքնակամ կառուցված 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը ճանաչել է համայնքային սեփականություն եւ օրինական: Համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով Լ.Հ.-ին է վաճառել 30.9 քմ մակերեսով հողամասը, 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը:
2020 թվականի նոյեմբերի 30-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի նախկին ղեկավարը Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Երեւան-Մեղրի մայրուղում գտնվող 3591.4 քմ մակերեսով հողամասը եւ դրա վրա ինքնակամ կառուցված 815 քմ մակերեսով հասարակական շինությունը, 3.4 քմ մակերեսով պահակատունը, 51 քմ կաթսայատունը, 29.7 քմ մակերեսով պարիսպը եւ 15.75 քմ մակերեսով ծածկն ուղղակի վաճառքով օտարել է Ա.Ս.-ին:
2020 թվականի դեկտեմբերի 18-ին Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Համայնքի 9-րդ փողոցում գտնվող 12.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, 12.8 քմ մակերեսով ինքնակամ կառուցված խանութն օտարել է Ս.Հ.-ին:
Այնթապ համայնքի նախկին ղեկավարի Կ.Ս-ի նկատմամբ 2023 թվականի ապրիլի 21-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ 7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը՝ 8 դրվագ), 3152 -րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ
2023 թվականի փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարին է դիմել «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը` իրեն սեփականության իրավունքով պատկանող UAZ 3163-175 PATRIOT 2.7 մակնիշի թեթեւ մարդատար մեքենան ՀՀ պաշտպանության նախարաությանը` ԶՈՒ կարիքների համար օգտագործելու նպատակով նվիրելու առաջարկությամբ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավտոմեքենան հանդիսանում է 2016թ. արտադրության. տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետները եւ ամորտիզացիոն մասհանումների կարգը սահմանող ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա ԶՈՒ գլխավոր շտաբի իրավասու ստորաբաժանման կողմից ս.թ. փետրվարին իրականացվել է ավտոմեքենայի մնացորդային արժեքի որոշում, որի արդյունքում ավտոմեքենան ՊՆ հաշվեկշռում հաշվառվելու է 4 մլն. դրամ արժեքով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ
ArmLur.am-ը հայտնել էր, որ Երեւանի 166 դպրոց են մտել ու աշակերտներին ծեծի ենթարկել: Ոստիկանությունն այս դեպքի առնչությամբ մանրամասներ էր ներկայացրել. «Մայիսի 11-ին՝ ժամը 12:57-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Երեւանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան եւ Նոր Նորքի քննչական բաժին»
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ աշակերտ Գ. Մանուկյանի հայրը՝ Մ. Մանուկյանն է դպրոց ներխուժել երկու տղամարդու հետ։ Վերջինս այս պահին ձերբակալված է։
ՕՀԱՆՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ նախագահին: Մեզ հայտնի դարձավ, որ նա պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը ՀՀ արդարադատության խորհրդի 12.10.2007թ.-ի «Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱԽ-7-Ո-19 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ անվավեր ճանաչելու, ինչպես նաեւ վերջինիս լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ Նախագահի 15.10.2007թ-ի ՆՀ-242-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:
ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԻՐԱՎԻՃԱԿ
Երեւանի փոխքաղաքապետի Կոնդ կատարած այցից հետո նրան ուղեկցողներն աղմկահարույց-անհարմար իրավիճակում հայտնվեցին. մի քաղաքացի ավտոմեքենան զայրացած վարելով երկար ազդանշան տվեց: Ամենաագրեսիվն իրեն դրսեւորեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, որը հենց տեղում վարորդին մոտեցավ եւ վեճի բռնվեց: Նրան միացավ իր հետ ԱՄՆ-ից վերադարձած «Ոսկե պատառաքաղի» Սամվելը, որը ջանում է իր տիրապետության տակ գտնվող Մանկական երկաթուղու ձորում բազմաբնակարան շենքի շինթույլտվություն ստանալ: Ահա թե ինչու է Երեւանի քաղաքային իշխանությունների հետ փորձում լավ հարաբերություն պահպանել՝ հընթացս «թիկնպահ աշխատելով»: Եվ միայն Ավինյանի՝ սթափեցնող «հանգիստ» կոչից հետո խաղաղվեցին: Այնպիսի տպավորություն էր, թե վարչական շրջանի ղեկավարը եւ իր ընկեր Սամվելը նաեւ թիկնապահ են աշխատում ու «ռազբորկաներ» անում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ