«Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» ծրագրի շրջանակներում 19,9 մլն դրամ կհատկացվի: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է 14,6 մլն եվրո գումար տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրագործման համար:
Հարկ է նշել, որ ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթեզրերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման/դրենաժային/ ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության և գործողությունների պլանի մշակում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23,840,000 եվրո, որից 14,600,000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են ՎԶԵԲ-ի կողմից: Վարկը բաղկացած է 3 մասնաբաժիններից՝ Տրանշ Ա և Տրանշ Բ՝ յուրաքանչյուրը՝ 5.3 մլն եվրո, Տրանշ Գ՝ 4 մլն եվրո:
Հարկ է նշել, որ վարկային միջոցների տրանշներին համապատասխան դրամաշնորհային միջոցները ևս տրամադրվելու են երեք տրանշներով (Տրանշ Ա-ի և Տրանշ Բ-ի համար 2,650,000 – ական եվրո, Տրանշ Գ-ի համար` 2,000,000 եվրո):
Ն.Հ.