ԶԻՆՎՈՐԻՆ ՉԵՆ ԲՌՆԱԲԱՐԵԼ, ՓԱՅՏԵՐՈՎ ԾԵԾԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ 19-ամյա ժամկետային զինծառայող Ժորա Մկրտչյանին, որը ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակի  զորամասում(«Եղնիկներ»), բռնաբարել եւ դաժանաբար ծեծել են: Սակայն, ինչպես տեղեկացանք,   Ժորա Մկրտչյանին չեն բռնաբարել, միայն ծեծել են: Ներկայումս նա գտնվում է Երեւանի կայազորի հոսպիտալում:
Ժորա Մկրտչյանը Թալինի շրջանի Լուսական գյուղից է:  Իննամսյա  ծառայությունից հետո նրան հանկարծակի տեղափոխել են հոսպիտալ` սուր փսիխոզ ախտորոշմամբ:  Նախ` զինվորին վնասվածքներով տեղափոխել են զորամասի բուժկետ, հետո` Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ,  հասկանալով,  որ Ժորայի վիճակն իսկապես ծանր է, տեղափոխել են Երեւանի կայազորի հոսպիտալ` հոգեբուժական բաժանմունք: Հենց այս բաժանմունքում էլ  «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ: Նա աչքերը «սառած», անընդհատ մի ուղղությամբ էր նայում: Մեզ հետ զրույցում էլ խոսում էր շատ ցածր ձայնով եւ վախեցած:
Երբ հոգեբուժարանի աշխատակիցները ժամկետային զինծառայողին հարցրին` մեզ հետ առանձին, թե իրենց ներկայությամբ է ուզում զրուցել, Ժորան ասաց, որ մենակ է ուզում խոսել: Ժորան  պատմեց (երբեմն չէր հասկացվում` ինչ է խոսում), որ ինքը  ծնվել եւ մեծացել է Արթիկում, ծառայել է «Եղնիկներ»-ի զորամասերից մեկում. «Պոստեր էինք պահում, իմ հետ լավ մարդ էլ կար, վատն էլ»:  Ժորան ասաց, որ իր հետ իր ծառայակից ընկերներն են կռվել. «Ասում էին` դու քո ինքնասիրությունը չհարգող տղա ես, բայց ես ոչ մի բան չեմ արել, իրանք ինձ փետով ծեծել են` Մովսեսը, երկու հոգի` Վաչիկն ու Աբոն, բայց Աբոն իմ հետ մի քիչ լավ էր, բայց հետո էլ ինքն ինձ ծեծեց»:
Ժորան նշեց, որ իր ծառայակից ընկեր Աբոն իրեն ավելի լավ էր վերաբերում, քան մյուսները. «Ինքն իմ համար գնաց նստեց, ինքն իմ ականջը ջարդել ա, եթե պետք եղավ, ես իրան կազատեմ, ինքը սիրած աղջիկ ունի, ինքը պիտի իրա մոտ գնար, ես էլ սիրած աղջիկ ունեմ` Մարիամն ա, ինքը չգիտի, որ ես ստեղ եմ»:
 Այդքանով հանդերձ, Ժորա Մկրտչյանն ասաց, որ ինքը կգնա բանակ, եթե ասեն գնա. «Հա՛, կերթամ, եթե ասեն՝ գնա, կերթամ»: Պատմեց, որ ծառայակից ընկերներն իրեն միշտ պոստի են կանգնեցրել, թույլ չեն տվել «մատրասի» վրա քնել, հետո էլ միանգամից անցում կատարեց ինչ-որ պատմության, թե իրենք թուրք են սպանել: Այնուհետեւ ասաց, որ վատ երազներ է տեսնում, որ ինչ-որ ակնոցով մարդ ուզում  է իր կոկորդը կտրել… Մեր զրույցն ընդհատվեց, երբ ներս մտավ Ժորայի բուժող բժիշկը: Ժորան վերջինիս շատ ուշադիր ու երկար նայեց ու այլեւս չխոսեց: Բժիշկը, որը չցանկացավ ներկայանալ, այնուամենայնիվ, ասաց. «Դուրս է եկել սուր փսիխոզից, ինքն ինտելեկտով սկզբից էլ աչքի չի ընկել: Բռնաբարություն չի եղել, հիմա արդեն լավ է»:
Զրուցեցինք նաեւ Ժորա Մկրտչյանի հոր` Մկրտիչ Մկրտչյանի հետ: Նա ասաց, որ իր որդու բռնաբարության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:   «Ինքն ուղղակի խոսելու մեջ… հիմա ես Ձեզ կբացատրեմ, ուրեմն վայեննի բիլետը  վերցրել գցել են զուգարանը, իրանց հասկացողությունով` էդ իրան պատիժ է: Ես էլ որ սկզբից գնացի հիվանդանոց, ինձ ասաց, թե` պա՛պ ջան, ինձ փչացրել են, վայեննի բիլետս գցել են զուգարանը»:
Պարոն  Մկրտչյանն ասաց, որ իր որդուն անասելի դաժանությամբ ծեծել են. «Ինքը չի կարում էդ վատ մթնոլորտից դուրս գա, դրա համար ա ինքը շշմած վիճակում: Ես էն օրն իրան հարցրի, ասեցի` կոնկրետ ո՞րն էր պատճառը, Ժորի՛կ ջան, ըսավ` պա՛պ ջան, պոստի վրա էինք, ինչ-որ զոհ կար, ըսավ՝ քունս չէր տանում ու մատրասները դրել նստել էինք: Էդ տղերքն էկել են ու սկսել են ձեռք առնել: Ասում ա` ականջներս կքաշեին, կսե՝ վիզս պապիրոսով վառեցին ու տենց խորացավ… ինչ-որ բութ գործիքով ծեծել են»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացավ, որ Ժորա Մկրտչյանի գործով երեք ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում` շարքայիններ Ալբերտ Առաքելյանին եւ Մովսես Բադալյանին: Երկու շարքային զինծառայողներին առաջադրվել է մեղադրանք 359 հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Իսկ սերժանտ Վաչիկ Գրիգորյանի դեպքում մեղադրանք է առաջադրվել  360 հոդվածի 2-րդ մասով` զինծառայողին վիրավորանք հասցնելը: Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Ի դեպ, Երեւանի կայազորի հոսպիտալի աշխատակիցները նշում են, որ իրենց մոտ այնպիսի զինվորների են բերում, որոնք ի ծնե խնդիրներ ունեն: Հարց է առաջանում,  թե ինչով է զբաղված այն հանձնաժողովը, որն իբրեւ թե ստուգում է զինվորներին, հետո բանակ զորակոչում: Ստացվում է, որ հանձնաժողովն իր գործը չի կատարում, եթե բանակում հայտնվում են խնդիրներ ունեցող զինվորներ եւ ծառայության կեսից հոգեկան շեղում ստանում:




Լրահոս