Այսօր՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ իրականացնել Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:
Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը: Հանրահավաքի ժամանակ պահանջներ կներկայացվեն Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը:
ArmLur.am-ն այս մասին զրուցել է Սոֆիա Հովսեփյանի հետ, պարզելու համար, թե ի՞նչ սպասելիքներ ունեն հանրահավաքից, ի՞նչ պահանջներ են ներկայացվելու Նիկոլ Փաշինյանին եւ միջազգային դերակատարներին:
«Ես իհարկե մասնակցելու եմ այսօրվա հանրահավաքին և ակնկալում եմ, որ վերջապես պետք է Արցախի կառավարությունը կոնկրետ պահանջներ ներկայացնի Հայաստանի կառավարությանը, և ոչ թե դա ակնկալի աշխարհից։ Վերջնարդյունքում, նախ Հայաստանի իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի Արցախի այսօրվա կարգավիճակի համար, որից հետո աշխարից որևէ ակնկալիք ունենա, որ անընդհատ ապտակ չուտենք, որ մեր իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հույս ունեմ, որ այսօր քաղաքական պահանջներ կներկայացվեն և միևնույն ժամանակ մարդիկ համախմբված կմասնակցեն հարահավաքին։ Ես տեղեկություն չունեմ, թե կոնկրետ ինչ է նախատեսվում պահանջել Նիկոլ Փաշինյանից, բայց կարծում եմ, որ պահանջը մեկն է՝ որ որևէ կերպ իրեն իրավունք չվերապահի Արցախի և Հայաստանի ժողովրդի փոխարեն որոշել Արցախի ճակատագիրը։ Եվ առհասարակ, Փաշինյանը լեգիտիմ չի համարվում նմանատիպ հարցեր կարգավորելու առումով։ Փաստացի, նա հանձնում է ամբողջ Հայաստանը և միևնույն ժամանակ Արցախը։ Նա չի կարող անգամ պահանջել նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերի կատարումը, հակառակը՝ նորից նոր պայմանագրեր ու հայտարարություններ է ստորագրում, որոնք չարիք են դառնալու հայ ժողովրդի համար։ Կարծում եմ, որ նման հանրահավաքները կտան իրենց ցանկալի արդյունքը, և պետք է համախմբվել, ուժ դառնալ և միանշանակ լուծել այս խնդիրը։ Ցանկալի արդյունքը վերջնական լուծումն է և դա կարող է լինել բացառապես համախմբման դեպքում»- նշեց Հովսեփյանը։
Մաշա Մելքոնյան