Բարերարի ջանքերով վերականգնվել է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին:
Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից դեռեւս նախորդ տարի ներկայացվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման եւ զանգակատան իրականացման էսքիզային նախագիծը: Այն քննարկվել էր 2022 թ. օգոստոսի 23-ին կայացած ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում եւ արժանացել հավանության: Դրանից հետո նախարարության հետ համաձայնեցվել է եկեղեցու վերականգնման աշխատանքային նախագիծը:
Եկեղեցու ներքին տարածությունը պատշաճ վիճակի բերելու համար իրականացվել է սրահի, դասի, ավանդատների եւ բեմի սալահատակ՝ կանոնավոր, տարբեր չափերի բազալտյա սալերով, խառը շարվածքով: Տեղադրվել է փայտյա քանդակազարդ նոր դուռ, եւ տեղադրվել է զանգաշտարակ՝ ժամանակաշրջանին եւ Սյունիքի տարածաշրջանին բնորոշ ճարտարապետական լուծումներով։ Մաքրվել է հյուսիսային ճակատում լանջից քարաթափումների արդյունքում սողքերի տակ թաղված եւ անմխիթար, քայքայված վիճակում գտնվող տանիքը: Պեղումներն իրականացվել են հնագետի ուղեկցությամբ, որի ընթացքում բացվել են բնական ժայռերը՝ ստեղծելով բնական միջավայր: Ապահովվել է նաեւ ներքին լուսավորության համակարգով։
Կառուցվել են նաեւ բազալտյա անտաշ քարերով հենապատեր՝ ընդօրինակելով շրջակայքում պահպանված տարբեր կառույցների պատերին բնորոշ շարվածքը, ստեղծելով երբեմնի գյուղական միջավայրին հարազատ իրավիճակ, եկեղեցու երեք կողմերում՝ աստիճանաձեւ շարվածքներ անտաշ եւ կոպտատաշ բազալտներով՝ զերծ մնալով քաղաքային կերպարի ստեղծումից։ Եկեղեցու հարավային հարակից հարթակը սալարկվել է ճեղքած, անկանոն եզրագծերով բազալտյա քարերով (բուսածածկ կարաններով)՝ պահպանելով հողածածկույթի տակից բացահայտված պատաշարվածքների եւ թոնրի մնացորդները, բնական ժայռաքարերը:
Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ
BBC-ն հայտնում է, որ Նեւադայի ոստիկանությունը հաստատել է, որ այս շաբաթ հետախուզում է իրականացրել ռեփեր Թուփակ Շաքուրի չբացահայտված սպանության գործով:
Հետախույզները խուզարկություն են իրականացրել Լաս Վեգասի ծայրամասերից մեկում՝ Հենդերսոնում, որտեղ Թուփակը գնդակահարվել է 1996 թվականի սեպտեմբերին:
Խոսնակ Ադեն Օկամպո Գոմեսը ասել է, որ չի կարող լրացուցիչ մանրամասներ հաղորդել գործի վերջին զարգացումների վերաբերյալ՝ վկայակոչելով բաց հետաքննությունը:
Նշենք, որ ռեփերը 25 տարեկան էր, երբ սպանվեց 1996 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ձերբակալվածներ չկան, եւ կասկածյալները ներկայումս կալանքի տակ չեն։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ
Հուլիսի 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա ռեժիսոր, պրոդյուսեր Սեդրակ Գոջամանյանի եւ սցենարիստ Արմեն Վարդանյանի No Makeup ներկայացման պրեմիերան։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ ներկայացման եւ իր կերպարի մասին։
Ելենա Վարդանյանն ասաց, որ իրադարձությունները կատարվում են հենց իր կերպարի տան շուրջ։
-Իմ կերպարը մի դերասանուհի է, որն իր ներկայացումից առաջ վթարի է ենթարկվում եւ հայտնվում է անվասայլակի վրա։ Իրեն գալիս է խնամելու իր ուսանողուհին` Մերին (Անի Պետրոսյանը)։
-Արդյոք կա՞ն ընդհանուր գծեր Ձեր եւ Ձեր կերպարի միջեւ:
-Ինձ թվում է՝ ցանկացած կերպարի մեջ մարդ կարող է տեսնել իրեն։ Բայց այս կերպարին ինձ նմանացնում եմ միայն այն բանի համար, որ երեւի թե ներկայացումից առաջ որ ես էլ վրաերթի ենթարկվեի, նույն կերպ կանհանգստանայի։ Կերպարը շատ բարի անձնավորություն է եւ սիրում է բոլոր այն մարդկանց, որոնք իր կողքին են եւ օգնում են իրեն։
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է ներկայացման գլխավոր միտքը։
-Ներկայացման գլխավոր միտքն այն է, որ ցանկացած սուտ անգիտակցաբար բերում է հաջորդ ստին, եւ ստացվում է, որ դու խորտակվում ես այդ ստի մեջ եւ արդեն չես կարողանում հասկանալ, թե որտեղ է ճիշտը, որտեղ՝ սուտը։
Դերասանուհին հավելեց, որ թիմի հետ աշխատում է առաջին անգամ, եւ բոլորն էլ շատ ուրախ եւ բարի մարդիկ են, որոնց հետ հաճելի է աշխատել։
Նշենք, որ ներկայացման դերասաններն են Ելենա Վարդանյանը, Անի Պետրոսյանը, Աննա Մանուչարյանը, Լիա Զախարյանը, Ստեփան Ղամբարյանը, Աղաս Մանուկյանն ու Մհեր Մխիթարյանը։
ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում hուլիսի 22-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Ջազ՝ երեխաների համար» խորագիրը կրող համերգը։
Նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը եւ Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ իրենց համար հասանելի եւ հետաքրքիր ձեւաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտների կատարմամբ։
ԸՆԴԴԵՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Բասկետբոլի տղաների Մ16 հավաքականը հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին. հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։
Կոսովո են մեկնել հետեւյալ խաղացողները՝
- Դավիթ Բոյաջյան
- Արտյոմ Նազլուխանյան
- Դավիթ Վարդանյան
- Էդուարդ Խաչատրյան
- Հայկ Ստամբոլցյան
- Արեգ Ասլանյան
- Քեւին Դեհբաշյան
- Վիլյամ Ղարաբեկյան
- Սեբաստիան Հացակորզյան
- Նոլան Բրաուն
- Արթուր Ավագյան
- Սեբաստիան Ջոն Մինասյան
- Ներսես Ավագյան
Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի եւ Ալբանիայի թիմերը:
ՊԱՀՊԱՆԵԼ Է ԴԻՐՔԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին կրկին 90-րդն է, ինչպես նախորդ ամիս:
Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում նորից փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Իտալիան, Պորտուգալիան եւ Իսպանիան:
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Կառավարությունը հուլիսի 20-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023 թվականի բյուջեի նախագծում եւ գումար հատկացրեց ԿԳՄՍՆ-ին նոյեմբերի 7-14-ը Երեւանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով:
Առաջնությանն ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 մասնակիցների մասնակցություն:
Երեւանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակեպելու եւ անցկացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ԿԳՄՍՆ հատկացնել 676,368.0 հազար դրամ, որից 196,548.0 հազար դրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրից վերաբաշխման արդյունքում 3-րդ եռամսյակում, եւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 479,820.0 հազար դրամը՝ 4-րդ եռամսյակում, անհրաժեշտ ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու համար:
Միջոցառման ընդհանուր ծախսերը կկազմեն 976,692.0 հազար դրամ, որից 300,324.0 հազար դրամը կհոգա ֆեդերացիան` հովանավորների աջակցությամբ:
2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երեւանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության անցկացումը կնպաստի սամբո մարզաձեւի զարգացմանը, մասսայականցմանը, արդյունքների բարձրացմանը եւ մրցանակային տեղերի գրավմանը: