Քարոզարշավի ընթացքում Ոստիկանությունում 26 հաղորդում է ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է ընտրությունների ընթացքում կատարված միջոցառումներին:

«Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգի պահպանության իրականացման, ինչպես նաև ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունում ձեռնարկվել են մի շարք նախապատրաստական և կազմակերպչական միջոցառումներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ և ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր, այդ թվում՝ տեղեկատվության հավաքման և ամփոփման, ծառայության կազմակերպման, համակարգման և վերահսկման, օպերատիվ արագ արձագանքման, նյութատեխնիկական և այլն: Սահմանվել են նշված խմբերի գործառույթները և գործունեության կարգը:

Մշակվել և ոստիկանության ծառայողներին են տրամադրվել ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցներ, որոնցում ամփոփված են հասարակական կարգի պահպանության գործում ներգրավված ոստիկանության ծառայողների հիմնական լիազորությունները, ընտրական հանձնաժողովների հետ փոխգործակցության կարգը, ինչպես նաև ընտրական իրավունքի ոլորտին վերաբերող իրավախախտումները»,- մանրամասնել է Արմեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 16-ը, Ոստիկանությունում ստացվել և քննարկվել է ընդհանուր առմամբ 26 հաղորդում, որոնցից 8-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 18-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ:

Հանցագործության մասին ստացված բոլոր ութ հաղորդումներն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ ձեռնարկելու հարցը քննարկելու համար:




Լրահոս