Երեկ կեսօրից ադրբեջանական ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ թիրախավորելով ոչ միայն պաշտպանության բանակին, այլև խաղաղ բնակչությանը:
Ռազմական գործողությունների սկսելուց րոպեներ անց մի խումբ քաղաքացիներ հավաքվեցին Հանրապետության Հրապարակում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ավելի ուշ հրապարակը լիքն էր քաղաքացիներով, որոնց պահանջը անփոփոխ էր:
Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց:
Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց քաղաքացիների ուղղությամբ, մասնավորապես՝ լուսաձայնային նռնակ, հրապարակը պատվեց ծխով: Քաղաքացիներից ոմանք սկսեցին շշեր եւ այլ իրեր նետել կառավարության շենքի ուղղությամբ, ինչ-որ պահի կոտրվող ապակու ձայն լսվեց:
ArmLur.am-ը բողոքի ակցիային հաջորդող առավոտյան այցելեց Կառավարության շենք՝ պարզելու, թե ինչ է կատարվում այս պահին այնտեղ: Ոստիկանական մեծաքանակ ուժեր, կոտրված ապակիներ եւ ուրիշ ոչինչ:
Գրեթե նույն պատկերն է ՌԴ դեսպանատան առջև:
Մարիամ Ղազարյան