«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ տարուց ավել արդեն մամուլում պետական պաշտոնյաների եւ Ն.Փ-ի միջոցով պտտվում է այն դիզինֆորմացիան, թե, իբր, Ռուսաստանը, վերցնելով ՀՀ-ից զենքի մատկարարման համար գումարը, չի մատակարարել համապատասխան զենք-զինամթերքը:
ՀՀ-ի եւ ՌԴ-ի մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության և «ՍՄԵՐՉ» տեսակի հրթիռներ արտադրող ռուսական АО «НПО “Сплав”» գործարանի միջեւ պայմանագիր է կնքվում, համաձայն որի՝ ռուսական գործարանը ստանում է գումար և արտադրում է ՀՀ-ի համար անհրաժեշտ հրթիռներ:
Այնուհետև տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ին, որ ապրանքը պատրաստ է մատակարարման, և կարող են ուղարկել ՊՆ-ի մասնագետներին ապրանքը ընդունելու: Ընդունելուց հետո 1 տարի 3 անիս ՀՀ ՊՆ-ն չի կարողանում ապրանքը տեղափոխել Հայաստան: Ապրանքը վերցնելու համար АО «НПО “Сплав”» գործարանը 3 անգամ դիմում է ՊՆ-ին, որպեսզի սեղմ ժամկետներում գնան իրենց ապրանքի հետևից, քանի որ այդ չափի ապրանք չի կարող երկար ժամանակ մնալ պահեստներում:
Այսքան դիմումներից հետո ՀՀ ՊՆ-ն չի կազմակերպում ապրանքի տեղափոխումը: Այնուհետև սկսվում է ռուս-ուկրաինական պատերազմը, և ՌԴ-ն օգտագործում է այդ հրթիռները: Միանշանակ այդպես կվարվեր յուրաքանչյուր պատերազմող երկիր: Չնայած պատերազմական վիճակին՝ ՌԴ-ն տեղեկացնում Է ՀՀ ՊՆ-ին, որ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ ապրանքը կմատակարարվի խմբաքանակներով:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո ՌԴ-ն առաջարկել է և պատրաստ է եղել ՀՀ-ին մատակարարելու 1 մլրդ $ ԱՄՆ և 400 մլն $ԱՄՆ զենք-զինամթերք՝ վարկային 20 տարի վճարման ժամկետով: 400 մլն $ ԱՄՆ արդեն հաստատված է եղել, և պայմանագրերն էլ պատրաստ են եղել կնքման, իսկ 1 միլիարդին մնացել էին հաշված օրեր երկու երկրների կառավարություններում, ֆինանսների նախարարություններում հաստատելու համար:
Հանկարծակիորեն, սակայն, Հայաստանը հրաժարվում է այս պայմանագրերից: Փոխարենը պայմանագրեր է կնքում Հնդկաստանի մասնավոր կազմակերպությունների հետ՝ փոխանցելով միանգամից 500 մլն $ ԱՄՆ եւ մինչև այժմ չստանալով այդ ապրանքի 5%-ը: Հաշվի չեն առնվում նաև այլ երկրների արտադրանքների հները, չեն համեմատում այլ արտադրատեսակների հետ:
Մեր տվյալներով՝ ապրանքները գնվել են 3 անգամ ավելի թանկ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՊՆ մեկնաբանության համար, որտեղից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր: Գրավոր հարցումը ուղարկված է. սպասենք պաշտոնական պատասխանին։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում