ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկվել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մեկնարկը 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում եւ պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման խնդիրը։
Խորհրդի անդամ Գայանե Մադաթյանի խոսքով՝ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից ներկայացվել է 2023-2024 ուստարվանից բոլոր դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի ներդրման սահուն ընթացակարգը, սակայն դպրոցները դեռեւս պատրաստ չեն դրա լիարժեք ներդրմանը։ Ըստ նրա՝ չկան համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ՝ բնագիտական առարկաների փորձարարական մասն ապահովելու համար, եւ նման հնարավորություն ունեն հիմնականում մայրաքաղաքի սակավաթիվ դպրոցներ։ Մադաթյանը նաեւ նշել է, որ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների սովորողներն իրենց ուստարին սկսել են առանց դասագրքերի, որոնք դպրոց են հասել ուշացումով։
Ի պատասխան՝ նախարարի տեղակալը նշել է, որ լաբորատորիաներով վերազինվել են Տավուշի եւ Արմավիրի մարզերի ավագ դպրոցները, առաջիկայում լաբորատորիաներ կստանան Արագածոտնի դպրոցները, իսկ մինչեւ 2026 թվականը՝ հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ օրակարգի երկրորդ հարցը՝ պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման վերաբերյալ, զեկուցել է խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը: Նրա խոսքով՝ հանդիսանալով Վ. Բրյուսովի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի եւ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ՝ այս հարցն իրեն մտահոգում է մի քանի տեսանկյունից: Ըստ Էռնեստ Ավանեսովի՝ գործող օրենքով «Ֆիզիկական կուլտուրա» առարկան պարտադիր է բոլոր ուսումնական հաստատություններում, սակայն մեծ դժվարություններ են առաջանում՝ հատկապես դահլիճային սուղ պայմանները հաշվի առնելով։ Նա նշել է, որ հատկապես քաղաքի կենտրոնում մի շարք ուսհաստատությունների նկուղային հատվածներ, որոնք կարող են օգտագործվել մարզական պարապմունքները կազմակերպելու համար, ժամանակին օտարվել կամ տրվել են երկարաժամկետ վարձակալության եւ ծառայում են այլ նպատակների համար:
Նա անդրադարձել է նաեւ դպրոցների մարզադահլիճների խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում հանրակրթության նոր չափորոշչի պայմաններին։ «Դահլիճային եւ գույքային պայմաններն այսօր լուրջ խնդիր են հանդիսանում հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար»,- նշել է Էռնեստ Ավանեսովը։
Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ զեկուցողի հարցերը վերաբերում են ենթակառուցվածքների առկայությանը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման եւ անվտանգության տեսակետից:
ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԿՀԱՏԿԱՑՎԻ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2024 թվականին ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի: «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:
«Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, որոնց պետք է ապահովենք առաջնային՝ հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում՝ նաեւ նրանց արժանապատիվ կեցությունը։ Այս պահին, չունենալով բռնի տեղահանվածների քանակի վերաբերյալ հստակ թիվ, մենք բյուջեում հստակ տող ենք սահմանել նրանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի չափն անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով` 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք բխում են ներկա տուրբուլենտ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, որոնք կյանքի անբաժան մասն են դարձել:
«Այս պայմաններում մենք հետեւողականորեն բարելավում ենք մեր կանխատեսման գործիքները, որոնց հիման վրա՝ կազմում ենք մի շարք սցենարներ, որոնցից ընտրում ենք մեկը եւ դնում բյուջեի հիմքում: Մնացած սցենարները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել ռիսկերն ու դրանց հիման վրա ձեւավորել պահուստներ, որոնք պետք է ֆինանսական ապահովության բարձիկներ հանդիսանան հիմնական ռիսկերի նյութականացման, ինչպես նաեւ անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ, չնայած դժվարին մարտահրավերներին, ՀՀ տնտեսությունը դրսեւորել եւ շարունակում է դրսեւորել բարձր դիմադրողականություն:
Նախարարի խոսքով` տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, երկնիշ տնտեսական աճը շարունակվել է նաեւ այս տարվա ընթացքում: Առաջին եռամսյակում արձանագրվել է 10.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.4 տոկոս աճ է եղել: 2023 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակում, որը ներկա միտումների պայմաններում կարող է նույնիսկ ավելին լինել:
Հովհաննիսյանը ավելացրեց, որ 2024 թվականին եւս կանխատեսվում է բարելավում շուրջ 0.75 տոկոսային կետով: Դրա արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 մլրդ դրամ՝ 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտները գերազանցելով 342 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով:
ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ
ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3.2 տոկոսը, որի արդյունքում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կկազմի 48.4 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 28-ին՝ կառավարության նիստին, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։
«Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռնում պահպանել ՀՀ վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար»,- ընդգծեց նախարարը։
Վահե Հովհաննիսյանը ըստ նախարարությունների ներկայացրեց, թե որ գերատեսչությունը որքան գումար կստանա 2024 թ.-ին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2024 թ. կկազմի 92 մլրդ դրամ, որը 27,4 մլրդ դրամով կամ 41.9 տոկոսով ավելի է 2023 թ-ից.։
«Այստեղ ունենք նոր նախաձեռնություններ` արդյունագործական-խեցգետնաբուծության զարգացման ուղղությամբ 300 մլն դրամ, ջերմատնային տնտեսությունների զարգացման համար` 1.1 մլրդ դրամ եւ այլն»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարարը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կկազմի 745 մլրդ դրամ, որը 91.5 մլրդ դրամով կամ 14 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ 2024 թ. անկանխիկ եղանակով վճարումներ կատարող կենսաթոշակառուների միջին տարեկան թիվը նախատեսում են, որ կկազմի 162 հազար։ Ինչ վերաբերում է անկանխիկ եղանակով գործարքներից ստացված հետվճարին, ապա 2023 թ. 2 մլրդ դիմաց՝ 2024 թ. կանխատեսնում են, որ այս թիվը կկազմի 7.6 մլրդ դրամ։
2024 թ. նվազագույն կենսաթոշակը կկազմի 36 հազար դրամ։
ՀՀ առողջապահության նախարարության բյուջեն կլինի 168 մլրդ դրամ, որը 26 մլրդ դրամով կամ 18.4 տոկոսով ավելի կլինի 2023 թվականից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեն կկազմի 345 մլրդ դրամ, որը 95 մլրդ դրամով ավելի կլինի 2023 թ.։
Վերջում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խնդրեց 2024 թ. ՀՀ պետական բյուջեն մինչեւ Ազգային ժողովի հաստատմանն ուղարկելը ժամանակ տալ իրենց` տեխնիկական շտկումներ անելու համար։
Կառավարությունը հաստատեց ներկայացված բյուջեի նախագիծը։