ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ պարեկները բերման են ենթարկել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնյաների, մասնավորապես՝ պարեկները բերման են ենթարկել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորին ու փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատարին։ Նրանք կասկածվում են թմրանյութի օգտագործման մեջ, իսկ թե ինչ կպարզի քննությունը, կհետեւենք զագացումներին:
shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտաբերել են կասկածելի 2 քաղաքացու, ովքեր Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել: Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին, և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել:
Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետել է 3 փաթեթ և 2 գլանակ:
Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին:
Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, ովքեր պարզել են, որ դեն նետված գլանակներում և փաթեթներում եղել են թմրանյութի նմանվող զանգվածներ, գլանակներից մեկում էլ եղել են կիսամոխրացած հետքեր:
Դեպքի փաստով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր-Նորքի բաժնից ներկայացվել են Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 38 և 37-ամյա տղամարդիկ են, որոնցից մեկը հայաստանյան հայտնի ու ճանաչված բուհերից մեկի պրոռեկտոր է, մյուսն էլ՝ փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար:
Քնար Մանուկյան