Այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը անդրադարձել են Հայաստանի ներքին քաղաքականությանը:
Իսագուլյանի կարծիքով Հայաստանի ներքաղաքական կյանքում ոչ մի առանձնացող իրադարձություն չկա:
«Լավ կլինի, որ և իշխանական ուժերը, և ոչ իշխանականը հանդես գային: Սա բացի դրականից ուրիշ ազդեցություն չի կարող ունենալ: Եթե չկա ընդդիմություն, ապա իշխանության ցանկացած գործունեության, ցանկացած ոչ ճիշտ որոշման դեմ ընդդիմությունը առարկություն չի ունենա և դա լավ չէ. այնտեղ որտեղ միակուսակցական համակարգ է այնտեղ հանգստություն չի կարող լինել»,- կարծիք հայտնեց Իսագուլյանը:
ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը համակարծիք էր Իսագուլյանի տեսակետի հետ: «Միանգամայն համաձայն եմ ` ընդդիմությունը հենց նրա համար է, որ պայքարի և՛ իշխանության դեմ և՛ իշխանության համար: Երբ ուժերը հայտարարում են համախմբման մասին, որոնք որևէ հենք չունեն համախմբվելու, որոնք տարբեր գաղափարախոսություն ունեն, գաղափարական միասնություն չեն կարող ապահովել: Կտրուկ հայտարարություններ են անում, ցույց տալու համար, որ իրենք էլ են կուսակցություն: Ընտրության արդյունքները տեսեք կհասկանաք ` ով ինչքան հեղինակություն ունի»,- ասաց Բադեյանը ` հավելելով, որ ընդդիմություն չի նշանակում սուտ ղալմաղալ անողներ: