«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ուզում ղեկավարել կառավարությունը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
Պրն. Մարգարյանի խոսքով` ԲՀԿ-ն ուզում է Հայաստանում տեսնել այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, որի մասին կհայտարարի կուսակցությունը:
Թե ով է ղեկավարելու կառավարությունը, Ստեփան Մարգարյանի խոսքով` իրենք անձերի խնդիր չեն դնում:
Եթե իշխանությունը փոխի կառավարությունը, արդյոք ԲՀԿ-ն կդադարեցնի իր պայքարը, և իշխանափոխության հարցը արդիական չի լինի, Մարգարյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ունենալ մի կառավարություն, որը համարժեք կլինի հասարակական պահանջներին ու այն խնդիրներին, որոնց առաջ կանգնած է երկիրը։ Եթե այս կառավարությունը աշխատի (իսկ մենք վստահ ենք, որ կարող է աշխատել) և ազգային անվտանգություն դարձած խնդիրներն ինչ-որ չափով լուծվեն, դա նորմալ կգնահատենք։ Մենք ուզում ենք երկիրը գնա այն հունով, որը կբերի զարգացման»,-ասաց պատգամավորը։
ԲՀԿ պատգամավորն ասաց, որ իրենք հանրությանը կներկայացնեն իրենց պատկերացումն այն մասին, թե ինչպիսի կառավարություն են ուզում ունենալ և կսպասեն իշխանության արձագանքին։ «Դրանից հետո, եթե չգնա ՀՀԿ-ն դրան, մենք արդեն կորոշենք ինչ անել: Մենք կհրապարակենք ճանապարահային քարտեզը, որը վերջնական կլինի ցանկացած հարց՝ չորսի համաձայնությամբ»,-ասաց նա։
Իսկ խմբակցություններից «Ժառանգության» հետ հանդիպման մասին խոսակցությունները Ստեփան Մարգարյանը չհերքեց. «Հանդիպում նախատեսված է. թե դա երբ կլինի, դրա մասին մենք կհայտարարենք»,-ասաց նա։