Նախորդ տարի նոյեմբերին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն մեծ շուքով Նիկոլ Փաշինյանի, Գեղարքունիքի մարզպետի ու Արսեն Թորոսյանի հետ մասնակցեց Մարտունիում նոր հիվանդանոցի բացմանը:
Մարտունու հիվանդանոցի բացման թեման Անահիտ Ավանեսյանը շատ թմբկահարեց՝ փորձելով բարձրացնել իր ընկած հեղինակությունը Նիկոլ Փաշինյանի մոտ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոցը, սակայն, մինչ օրս նորմալ չի գործում, նախ՝ սարքավորումների հետ կապված խնդիր կա, դրանք նորմալ չեն աշխատում, բացի դա՝ բուժաշխատողների սղության:
Սրա պատճառով Մարտունիի քաղաքացիները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են օգտվում այդ հիվանդանոցից:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ մարզպետ Կարեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ Անահիտ Ավանեսյանի բացած հիվանդանոցը նորմալ չի գործում, շատ խնդիրներ կան, ինչից հետո գործադիրի ղեկավարությունը ճնշել է նախարարին:
Անահիտ Ավանեսյանն էլ, փոխարենն իր պատասխանատվության չափաբաժինն ընդունի, քավության նոխազ է դարձրել իր տեղակալ Արմեն Նազարյանին ու Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱՆ փոխնախարար Արմեն Նազարյանին ու Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին ազատել են աշխատանքից:
Ստացվում է, որ նախարարը, երբ որ հարցը PR-ին է վերաբերվում, առաջին պլան է դուրս գալիս, իսկ երբ գալիս է պատասխանատվություն կրելու ժամանակը, խուսափում է դրանից ու այլոց վրա է մեղքը բարդում:
Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապվել Անահիտ Ավանեսյանի հետ՝ սակայն մեր զանգերի նա չպատասխանեց:
Ստացվում է՝ նախարարը հիվանդանոցները միայն իր սեփական PR-ի համար է բացում, բայց դրանց արդյունավետությունն իր համար կարեւոր չէ: