Փետրվարի 7-ի արտահերթ նիստում Երևանի ավագանին կքննարկի ընդդիմադիր 5 անդամներին մանդատից զրկելու հարցը:
Խոսքը Հայկ Մարությանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի և Գևորգ Ստեփանյանի մասին է:
Երևանի ավագանու 5 անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշման նախագծի հիմքում նիստերին նրանց բացակայությունն ու քվեարկություններին չմասնակցելն է։
ArmLur.am-ը այս հարցի շուրջ զրուցել է Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի հետ:
-Տիկի՛ն Փոստանջյան, իշխանությունները որոշել են ձեզ և ավագանու ընդդիմադիր ևս չորս անդամների զրկել մանդատից: Ի՞նչ կասեք այս մասին, ինչպե՞ս կգնահատեք այս որոշումը:
-Գարնանային սրացումներ են իշխանությունների մոտ, որոշել են նոր հարձակում սկսել իմ նկատմամբ ու ավագանու անդամի մանդատից զրկել: Նրանց այս հապճեպ կայացրած որոշումն արդեն խոսում է այն մասին, որ իրենց ղեկավարող կենտրոններից մեկում է այս որոշումը կայացվել ու սկսել են իրագործել այդ հրահանգները:
-Իշխանություններն իրենց այս քայլը հիմնավորում են նրանով, որ ավագանու նիստերին չեք մասնակցել, այսինքն՝ բացակայություններն են պատճառը:
-Եթե հիմք են վերցնում բացակայությունները, ապա դրան պետք է նախորդեն որոշ գործընթացներ: Իրենց պատվիրատուների ձեռագիրն է, մնացել- մնացել են ու հիմա որոշել են, որ պետք է ավագանու ընդդիմադիր անդամների նկատմամբ հարձակում գործել, օրենքի կոպիտ ոտնահարմամբ, փնթի ու կոպիտ գործելաոճով ինչ -որ քայլեր են անում մեր նկատմամբ:
-Տիկի՛ն Փոստանջյան, մանդատից զրկելու համար անհրաժեշտ է լինելու ավագանու 33 անդամի համաձայնություն: Ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞ ապահովել անհրաժեշտ ձայներ ու հասնել իրենց վերջնական նպատակին:
-Եթե իրենց նպատակը դա է, ապա իրենք պարտված մարդիկ են, սա բացարձակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ իմ գործունեության վրա, ոչ էլ իրենց վիճակը կարող է բարելավել, իրենց մոտ սպոնտան գարնանային սրացումներ են պարզապես:
-Իսկ դուք արտահերթ նիստին մասնակցելու՞ եք:
-Ոչ, ապօրինի օրակարգով նիստ է, ովքեր որ դա նախաձեռնում են, թող իրենք իրենց վարքագիծը նայեն, որ պաշտոն են ստանձնել ապօրինի կերպով: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է հանրության ուշադրությունը շեղելու համար:
Քրիստինա Մուշեղյան