ՍԽԵՄԱՏԻԿ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով խոշոր չափերով կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու եւ տեղափոխելու սխեմատիկ հանցագործության դեպք։ 

 

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է՝ Երեւան քաղաքի բնակիչը իրացնելու նպատակով համաքաղաքացուց ձեռք է բերել եւ պահել խոշոր չափերով՝ 300 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամին նման եւ իսկականից ակնհայտորեն չտարբերվող թղթադրամներ, այսինքն՝ կեղծ արտարժույթ, դրանք, ըստ նախնական տվյալների, իրացրել է Հայաստանի տարբեր մարզերում եւ համայնքներում՝ հիմնականում բնամթերք գնելով, ինչի հետեւանքով տուժել են ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ քաղաքացիներ։

Այդ նպատակով վերջինս պայմանավորվել է ուղեւորափոխադրումներ իրականացնող իր ծանոթի եւ վերջինիս կնոջ հետ՝ հանցանքը համատեղ կատարելու, այն է՝ գնումներ կատարելու եղանակով հիշյալ կեղծ թղթադրամները շրջանառության մեջ դնելու, կեղծ արտարժույթն իրացնելու շուրջ եւ 2024թ. փետրվարի 7-ին կեղծ արտարժույթը հիշյալ անձի կողմից վարած ավտոմեքենայով տեղափոխել Վայոց ձորի մարզ:

Նույն օրը Ջերմուկ քաղաքի շուկայում գնումներ կատարելու եղանակով, 7 հատ 100 ԱՄՆ կեղծ թղթադրամներ իրացնելով վաճառողներին, դրանք դրել են շրջանառության մեջ: Օրեր անց կրկին փորձել են գնումներ կատարելու եղանակով կեղծ թղթադրամներն իրացնել,  սակայն ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից ուղեւորափոխադրում կատարող անձը, իր կողմից վարվող ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ  կատարված անձնական խուզարկությամբ եւ տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել է 11 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ արտարժույթ, եւս 46 հատ՝ բնակարանի խուզարկությամբ:

Նախաքննության շրջանակներում կատարվել են վարութային եւ ապացուցողական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, խուզարկություններ, զննություններ, վարույթի համար կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Երեւան քաղաքի բնակիչներ ամուսիններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, ուղեւորափոխադրում իրականացնող անձին՝ 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ կեղծ թղթադրամները համաքաղաքացուն իրացրած անձին՝ 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Միջնորդություններ են հարուցվել դատարան՝ 4 մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ նրանցից 3-ի՝ կեղծ թղթադրամները ձեռք բերած, իրացրած, ինչպես նաեւ ուղեւորափոխադրում իրականացնող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, իսկ Երեւանի բնակչի կնոջ նկատմամբ՝ տնային կալանք։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կեղծ թղթադրամները պատրաստած, հանցավոր շղթայում հնարավոր ներգրավվածություն ունեցող անձի (անձանց) ինքնությունը, հանցավոր խմբի կողմից առերեւույթ կեղծ թղթադրամների իրացումից տուժած բազմաթիվ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ «ԻՐԵՆՈՎ Է ԱՐԵԼ»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնում շորթում կատարելու հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքում գործող համատիրություններից մեկի նախագահը կատարում է չարաշահումներ։

Մասնավորապես՝ աշխատակիցներին ցածր աշխատավարձ նշելով՝ բնակիչների կողմից վճարված գումարները չի ծառայեցնում նպատակին, համատիրության մատյաններում նշված գործիքները, որոնք ձեռք է բերել համայնքի բնակիչների կողմից հավաքած գումարով համայնքում շինաշխատանքներ կատարելու նպատակով, գոյություն չունեն։

Նույն օրը քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազորը լրացուցիչ օպերատիվ տեղեկություն է ստանում, ապա հանցագործության հայտնաբերման եւ բացահայտման ուղղությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, լրացուցիչ տեղեկություններ է ստացել, որ այդ համատիրության նախկին աշխատակիցը, օգտվելով նշված համատիրության նախագահի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալու հանգամանքից, պարբերաբար սպառնացել է նրան եւ վերջինից շորթել է, որն էլ համատիրության բնակիչների կողմից հավաքված եւ բնակիչների կարիքների համար նախատեսված մոտ 1 մլն 350 հազար դրամ գումարը «իրենով է արել»։

Ըստ տեղեկությունների՝ ոստիկաններն արդեն լսել են համատիրության նախագահին եւ կազմված փաստաթղթերն էլ փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԱՀԱՆՋ ԷՐ

«Այս տարի վերջապես դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց դատավորից նրան անհիմն մեղադրելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է գործով փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Այս ծանր դեպքը, երբ դատավորին ակնհայտ անհիմն մեղադրանքով ոչ միայն զրկեցին անձեռնմխելիությունից, այլեւ նույնիսկ կալանավորեցին, իսկ հետագայում դատախազության ներկայացուցիչը սկսեց լրատվական դաշտում ամեն գնով սեւացնել օբյեկտիվ եւ արդար աշխատած դատավորին, իրավունքի լուրջ նահանջ էր եւ լուրջ հարված դատական իշխանությանը:

Հուսանք, որ ներողությունը զուտ ձեւական չէ, եւ ՀՀ դատախազությունը, քննչական մարմինը եւ երեւույթին բացասական առումով առնչված գիտնականներն ու դատավորները կանեն անհրաժեշտ հետեւություններ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ բարձրագույն դատական խորhրդի համաձայնությամբ՝ 2022 թվականի մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին մեղադրանք է ներկայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը): 2022 թվականի մայիսի 20-ին վարույթից անջատվել է Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական վարույթը եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ Բորիս Բախշիյանը ներկայացված մեղադրանքում ճանաչվել է անմեղ, արդարացվել է: 2022 թվականի նոյեմբերի 16-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է 2023 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ:

2023 թվականի հուլիսի 27-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, վարույթ չի ընդունվել: Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Բորիս Հրանտի Բախշիյանից:

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն իր մասնակցությունն էր ունեցել «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերտառությամբ, 8 միլիոն դրամ արժողությամբ վավերագրական ֆիլմում, որը դիֆերամբ էր առ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս