Հոգեկան շատ ծանր վիճակում գտնվող մարդու արարք է. նպատակ են ունեցել ուշադրություն հրավիրել ստեղծված իրավիճակի վրա. Արա Պապյանը՝ ԱԺԲ աջակիցների արարքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նռնակներով զինված 3 անձ մտել էին Ոստիկանության Մասիվի բաժանմունք եւ սպառնում էին պայթեցնել նռնակները:
Նրանցից երկուսը բեկորային վնասվածքներով տեղափոխվել էին բուժհաստատություն, ավելի ուշ 3-րդ անձը վնասազերծվել էր ԱԱԾ հատուկջոկատայինների կողմից:
Նրանք 3-ն էլ «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի աջակիցներն են:

ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺԲ շարժման անդամ Արա Պապյանը պատմեց, որ երեքն էլ պատերազմի մասնակից են: Արթուր Մովսիսյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, նրա տղան պատերազմի ժամանակ զոհվել է: Ստեփան Հովակիմյանը նույնպես մի քանի պատերազմների մասնակից է, Վարդգես Գեւորգյանը ևս՝ պատերազմի մասնակից, զինվորական, վերջերս է զորացրվել:

«Ես դա գնահատում եմ ինքնաբուխ, հոգեկան շատ ծանր վիճակում գտնվող մարդու արարք: Բոլորն էլ այս կորուստները ընդունում են ոչ միայն պետական, այլ նաև անձնական կորուստ, քանի որ տարիներով կռվել են, որդի են կորցրել, վիրավորում են ստացել: Կարծում եմ, որ այդ քայլով նպատակ են ունեցել ուշադրություն հրավիրել ստեղծված իրավիճակի վրա, քան որևէ մեկին վնաս պատճառել, նման մտադրություն չի եղել, ըստ էության, իրենցից բացի ոչ մեկին չեն վնասել: Ներկայումս մեր ժողովուրդը գտնվում է հոգեպես շատ ծանր վիճակում, մենք տեսնում ենք՝ ի՞նչ է կատարվում:

Դատելով Ստեփան Հովակիմյանի ֆեյսբուքում դրված ուղերձից՝ նա վրդոված էր, որ ձերբակալում են նրանց, ովքեր պատերազմի մասնակից են և գնում են Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչների կողքին կանգնելու, դա երևի վերջին դրդիչ քայլն է եղել, որ դիմել են այդ քայլին »,-ասաց Պապյանը:
Հարցին՝ արդյո՞ք սա օրինազանցություն չէր, չէ՞ր կարելի այլ մեթոդներով պայքարել, Արա Պապյանն ասաց.

«Այլ մեթոններով պայքարել ենք, հիմա էլ պայքարում ենք, բայց այս մարդիկ են այդպես որոշել, հարցը պետք է իրենց ուղղել՝ ինչու՞ որոշեցին այդպես անել: Պետք է հաշվի առնել նաև այդ անձանց հոգեկան վիճակը, մարդիկ շատ ծանր են տանում և ամեն մարդ չէ, որ կարող է վերահսկել իր ապրումները»,-ասաց Արա Պապյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս