ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով:

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի եւ Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:

Սերգեյ Փարաջանովի եւ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, եւ նախատեսվող հոբելյանական միջոցառումներն իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Հանճարեղ կինոռեժիսորի եւ շանսոնիեի հոբելյանները կարեւորվում են նրանց արվեստի արժեւորման, միջազգայնացման եւ ուրույն ստեղծագործական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից:

Սերգեյ Փարաջանովը թողել է բացառիկ ժառանգություն, որն այսօր մեծ հետաքրքրություն ունի աշխարհում, սակայն մինչ օրս մնում է չուսումնասիրված: Հոբելյանական տարվա համատեքստում բազմաթիվ օտարերկրյա կինոկազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված մեծ վարպետին, եւ դրանց մի մասն ընդգրկվել է հոբելյանական միջոցառումների ցանկում: Նախատեսվում են երկու տասնյակից ավելի տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են բացահայտելու Փարաջանով արվեստագետին, ուսումնասիրելու նրա արվեստն ու յուրօրինակ կինոժառանգությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հոբելյանական միջոցառման շրջանակում ներկայացվելու են լուսանկարչական ցուցահանդես, «Նռան գույնը» ֆիլմը եւ ֆիլմի հատվածների ինստալյացիոն ցուցադրություն: Հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված են նաեւ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հրատարակչական, մարզային եւ կրթական ծրագրեր, Հայաստանում եւ արտերկրում ֆիլմերի ցուցադրություններ, տեսալսողական արտադրանք՝ ֆիլմ եւ ֆիլմաշար, հեռուստահաղորդում, ինչպես նաեւ հուշանվերների ստեղծում եւ տարածում:

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում ամբողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիական երգարվեստի ամենաազդեցիկ ու նշանավոր հայազգի երաժիշտներից մեկին: Նախատեսված է իրականացնել 16 տարաբնույթ միջոցառում, որոնք միտված են հանրահռչակելու նրա ժառանգությունը: Լեգենդար արտիստի եւ մեծ հայի 100-ամյակի շրջանակում պատրաստվել է տոնակատարությունների ընդգրկուն ծրագիր. միջոցառումներ տեղի կունենան Ֆրանսիայում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։ Նախատեսված են համերգներ արտերկրում, Երեւանում եւ ՀՀ մարզերում, ցուցահանդեսներ, հրատարակչական ծրագրեր, ինչպես նաեւ հուշանվերների ստեղծում եւ տարածում:

 

 

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻՆ

Թատրոնի միջազգային օրվա առթիվ մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է թատերական ոլորտի «Արտավազդ» 23-րդ մրցանակաբաշխությունը: Այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

 

«Լավագույն ռեժիսուրա» մրցանակին արժանացել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից Լյուդվիգ Հարությունյանի «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումը, որը ճանաչվել է նաեւ «Լավագույն ներկայացում»:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթել է Տիգրան Գաբոյանը՝ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման մեջ Քեսունի Վասիլ Իշխանին մարմնավորելու համար, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում հաղթել է Արաքսյա Մելիքսեթյանը՝ «Շղթա» բեմադրության հերոսուհուն՝ Աննա Մարկոսյանին մարմնավորելու համար:

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Վարդան Կուզիանոսյանը՝ «Գիշատիչների խնջույքը» ներկայացման շրջանակում Կաուբախի կերպարը մարմնավորելու համար, իսկ «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» է ճանաչվել Նառա Սանթոյանը՝ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման հերոսուհի Սաբեթին մարմնավորելու համար:

Խտորեւ ներկայացնում ենք մրցանակակիրներին.

«Լավագույն սցենոգրաֆիա» – Կարեն Գրիգորյան, «Փոքրիկ ողբերգություններ»

«Լավագույն զգեստների նկարիչ» – Մերի Սարգսյան, «Փոքրիկ ողբերգություններ»

«Լավագույն լուսային նկարիչ» – Հակոբ Պողոսյան, «Ինկած բերդի իշխանուհին»

«Լավագույն երաժշտության հեղինակ» – Վաչե Շարաֆյան, «Կոլոմբինա»

«Լավագույն պիես» – «Պատերազմի ցեցը», Արմինե Բոյաջյան եւ Նարեկ Մանուչարյան

«Լավագույն թատերախոսական» – «Գերագույն երկրպագուն», Սուսաննա Բրիկյան

«Լավագույն երիտասարդ դերասան» – Անդրանիկ Միքայելյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» – Անուշ Զանգիզորյան

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» – Ժորա Մարտիրոսյան, «B 1427»

«Լավագույն մանկական ներկայացում» – «Փայլոու»

«Լավագույն երիտասարդական ներկայացում» – «Տունը սահմանին», Արտուշ Միքայելյան

«Լավագույն պլաստիկական ներկայացում» – «Սիրո պատմություն Նյու Յորքում», Արտյում Գեւորգյան

«Լավագույն կամերային ներկայացում» – «Գիշատիչների խնջույքը», Աշոտ Հակոբյան:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ԵՎՐՈ-2024

Հայտնի են ֆուտբոլի Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները։ Վերջին ուղեգրերը նվաճեցին Վրաստանի, Ուկրաինայի եւ Լեհաստանի հավաքականները։

A խումբ. Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա։

B խումբ. Իսպանիա, Խորվաթիա,  Իտալիա, Ալբանիա։

C խումբ. Սլովենիա, Դանիա,  Սերբիա, Անգլիա։

D խումբ. Լեհաստան, Նիդերլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա։

E խումբ. Բելգիա, Սլովակիա, Ռումինիա, Ուկրաինա։

F խումբ. Թուրքիա, Վրաստան,  Պորտուգալիա, Չեխիա։

Եվրո-2024-ը կանցկացվի 2024թ. հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում։

 

 

 

ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասնակցությունը Եվրո-2024-ին հարցականի տակ է։ Անգլիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը գոհ չի եղել Ռեշվորդի մարզավիճակից եւ խաղից ընկերական հանդիպումներում։ Նա չի երաշխավորել Ռեշֆորդի մասնակցությունը ամռանը Գերմանիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը. հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Եվրո-2024-ի մասնակից թիմերը իրավունք ունեն հայտավորել 23 խաղացողի։

Նախորդ երկու ընկերական հանդիպումներում Ռեշֆորդը խաղադաշտում անցկացրել է 15 րոպե՝ փոխարինման դուրս գալով Բրազիլիայի թիմի դեմ խաղում (0:1)։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեշֆորդը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 2 գոլ։

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ

Իտալական «Ռոմայից» հեռացված Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գլխավորել ազգային հավաքական։ Պորտուգալացի մասնագետը մտադիր է ամռանը վերսկսել մարզչական աշխատանքը։

«Երկու անգամ հնարավորություն եմ ունեցել գլխավորել Պորտուգալիայի հավաքականը։ Առաջին անգամ եղել է, երբ մարզում էի Մադրիդի «Ռեալը», բայց Ֆլորենտինո Պերեսն արգելեց։ Երկրորդ անգամ այդպիսի հնարավորություն կար անցած ամռանը՝ «Ռոմայից» հեռացվելուց մի քանի ամիս առաջ, բայց չեմ ափսոսում։

Ազգային թիմ մարզելն իմ նպատակն է։ Հնարավոր է՝ որեւէ հավաքական ընդունեմ աշխարհի առաջնությունից, Եվրո-2024-ից կամ Ամերիկայի գավաթից Աֆրիկայի գավաթից առաջ։ Տեսնենք, երկու տարի սպասելու մտադրություն չունեմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է twitter.com/FabrizioRomano-ն։

Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Բենֆիկան», «Լեյրիան», «Պորտուն», «Ինտերը», «Ռեալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Ռոման»։

 




Լրահոս