Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, այսօր անդրադառնալով մարտի 16-ին Ղրիմիում անցկացված հանրաքվեին (որի արդյունքում այն դուրս եկավ Ուկրաինայի կազմից և միացավ Ռուսաստանին), ասաց, որ դրանով աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ փոխվեց:
Արևմուտքն ու Ռուսաստանն այժմ իրար հանդեպ ավելի հստակ դիրքորոշում են ցույց տալիս: Միացյալ Նահանգներն անթաքույց ասում է, որ աշհարհում պետք է լինի այնպես, ինչպես ԱՄՆ-ում է, իսկ Ռուսաստանն այն երկիրն է, որը հակադրվում է դրան:
«Այսօր մենք ապրում ենք սառը պատերազմի պայմաններում, սառը պատերազմը վերսկսվեց»,- նշեց պարոն Շահվերդյանը և հավելեց, որ այդ պատերազմի հետևանքներն անկանխատեսելի են: Միևնույն ժամանակ, պատմությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողությունները միշտ անց է կացնում իր սահմաններից դուրս, և այս ֆոնին մեծանում է արցախյան պատերազմի վերսկսման վտանգը: