Ապրիլի 11-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը իր անփոփիչ ելույթում, անդրադառնալով Արմենուհի Կյուրեղյանի խոսքին, ասաց.
«Այն, որ մեր բուհական համակարգի գիտական կոնտենտը 90-ականներից պակասել և եկել է այս գողական կոնտենտը, որ այն դեկանատի դեմը ինչ ասվում ա, արվում ա: ….Կներեք այսօր մեր բուհական համակարգը հոգեվարքի մեջ է, դուք դա չեք նկատում: Եթե մենք լինենք անպատասխանատու իշխանություն, կասենք՝ դե ինչ լինում ա. թող լինի»:
Փաշինյանն իր խոսքով հասկացրեց, որ համալսարանը դարձել է «գողականների» հավաքատեղի և որոշակի հատված կա, ով սահմանում է, թե ով է բուհում «լավ տղա» կամ «լավ դասախոս»:
ArmLur.am-ը հերթով դիմեց բոլոր պետական բուհերին՝ հասկանալու համար՝ ինչու են, ըստ Փաշինյանի, «հոգեվարքի մեջ»։ Համալսարաններին խնդրել էինք նաև մեկնաբանել ՀՀ բարձր ամբիոնից հնչած հայտարարությունը։ Հարցման պատախան ստացանք 4 համալսարաններից՝ ԵՊՀ-ից, ՀՊՄՀ-ից, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայից և ՀԱՖԿՍՊԻ-ից։
ԵՊՀ-ից ստացանք հետևյալ պատասխանը․
«Անհրաժեշտ տեղեկությունը չի պարունակում օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ, որոնք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ենթակա են հրապարակման։ Հետևաբար Ձեր հարցումը թողնվում է անհետևանք»։
Փաստացի համալսարանը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետին, ով թիրախավորել էր նրանց իսկ աշխատանքը։
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը պատասխանել էր հետևյալը՝ կարծիքի արտահայտումը համարելով ոչ կոռեկտ․
«ՀՀ Սահմանադրության Ձեր մատնանշած 42-րդ հոդվածը երաշխավորում է անձի կարծիքի արտահայտման ազատությունը։ Բնական է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»: Այսինքն, կարծիք ունենալն ու արտահայտելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անօտարելի իրավունքն է։ Բայց և որևէ մեկը օրենսդրական պարտավորություն չունի մեկնաբանելու մյուսի կարծիքը։ Ձեր հարցադրումներն ամբողջությամբ տեղավորվում են կարծիքի մասին կարծիք արտահայտելու տրամաբանության մեջ։»
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ ինստիտուտը ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթին ծանոթ չլինելու հանգամանքով պայմանավորված չեն կարող մեկնաբանել կամ կարծիք ներկայացնել։
Հայաստանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից էլ զանգահարեցին և նշեցին նպատակահարմար չեն գտնում պատասխանել հարցմանը, քանի որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը գիտնական է և քաղաքական որևէ դեպքի մեկնաբանություն չի կարող տալ։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան թերևս ամենաինքնուրույն համալսարանն էր, որը հստակ, կետ առ կետ տվել է պատասխան։
«1․ Եթե խոսքը կոնսերվատորիայի մասին է, ապա բուհը բնավ հոգեվարքի մեջ չէ։ Այդ են վկայում կոնսերվատորիայի առօրյա եռուզեռը, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հաջողությունները մրցույթներում ու փառատոններում, մեագրությունների և գիտական և հրապարակախոսական հոդվածների հրապարակումները, ակտիվ մասնակցությունը մայրաքաղաքի համերգային կյանքին, գիտաժողովներին, հանրային քննարկումներին։
2․ Կոնսերվատորիական կրթության կազմակերպմանը կարող են խաթարել միայն անիրազեկ միջամտությունը բուհի ինքնավարությանը, անտեղյակությունը մասնագիտական առանձնահատկություններին, ասեկոսեների մակարդակի լրատվությունը, ինչը ըստ էության չի կարող որևէ ազդեցություն ունենալ ԵՊԿ վարքի վրա, որովհետև բուհի դրական արդյունքները հակառակի մասին են վկայում։
3․ Նման բան լինել չի կարող։ Ինչ վերաբերում է կոնսերվատորիային, ապա այն երբևէ չի եղել Ձեր կողմից նշված որակների շրջանակում, քանի որ ինքնին տարբերվող է արվեստի, մշակույթի հետ կապված կոնտինգենտը։»
Կոնսերվատորիան պատասխանել է, բայց այնուամենայնիվ հավելել է, որ կոնտեքստից կտրված մեջբերումը չեն մեկնաբանում։
Ստացվում է, որ համալսարանները, բուհերը ոչ թե հոգեվարքի, այլ ճնշման մեջ են։ Այս պնդումը ամրապնդվում է, երբ կարդում ենք համալսարաններից ուղարկված խուսափողական պատասխանները։
Էմմա Միքայելյան