Հայցի ապահովման միջոց կիրառելու հայցերով տեղեկության հրապարակումը վնասում է այդ գործիքի արդյունավետությանը. Փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնոդրություն պարունակող հայցերով դատական տեղեկատվական համակարգում տեղեկությունների վաղաժամ հրապարակումը վնասում է հայցվորի իրավունքի պաշտպանության այդ գործիքի արդյունավետությանը: Այս մասին հայտարարություն է տարածել LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը:

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են՝

«5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«2. Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`

1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.

2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:»:

Քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված հիշյալ կարգավորումներն ունեն կանխարգելիչ նպատակ: Այդ կերպ օրենսդիրը փորձել է ապահովել, որ նախքան դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելը պատասխանող կողմը իրազեկված չլինի իր դեմ ներկայացված պահանջի մասին և չձեռնարկի քայլեր, որոնք կարող են վերացնել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման նպատակը:

Գործնականում, երբ հայցադիմում է ներկայացվում դատարան, այդ մասին համապատասխան տեղեկություններ են մուտքագրվում datalex.am կայքի համապատասխան բաժիններում: Այդ տեղեկությունները մուտքագրվում են նաև այն ժամանակ, երբ հայցվորը դատարան էր ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:

Դատարան հայց ներկայացվելու դեպքում ի սկզբանե դատական տեղեկատվական համակարգ են մուտքագրվում հետևյալ նվազագույն տվյալները՝

Հայցվորի տվյալները,
Պատասխանողի տվյալները,
Հայցապահանջը,
Մուծված պետական տուրքի չափը,
Հայցադիմում ներկայացելու օրը, ամիսը, տարեթիվը,
Դատարանի անվանումը և դատավորի անունը, ազգանունը,
Գործը դատավորին մակագրելու օրը, ամիսը, տարեթիվը,
Ներկայացուցիչների տվյալները:
Այսպիսով, հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն պարունակող քաղաքացիական հայցերի դեպքում, նախքան դատարանի կողմից նշված միջնորդությունների առնչությամբ որոշում ընդունելը և դրա բողոքարկման արդյունքները հրապարակվելը, datalex.am կայքում հրապարակվում են տեղեկությունների մի այնպիսի ծավալ, որոնք ողջամտորեն կարող են պատասխանող կողմին հնարավորություն տալ պատկերացնելու իր դեմ ներկայացված պահանջի բովանդակությունը և ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են անիմաստ դարձնել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավական այս գործիքը:

Վերոգրյալի առնչությամբ մեր կողմից գրավոր առաջարկ էր ներկայացվել ինչպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին, այնպես էլ բարձրագույն դատական խորհրդի նախագահին, սակայն գործընթացում փոփոխություն այդպես էլ չի նկատվել:

Մեկ անգամ ևս պատասխանատու անձանց ուշադրությունն ենք հրավիրում բարձրացված խնդրին՝ հույս ունենալով, որ այն լուծում կստանա: Ներկա պրակտիկ մոտեցումը կտրուկ նվազեցնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ հայցվորի իրավունքների պաշտպանության այդ գործիքի իրավական արժեքը, ինչն անթույլատրելի է և ինչպիսի մոտեցումը շտապ վերանայման կարիք ունի:




Լրահոս