«ՀԱՅ ԿԻՆԸ՝ ԶՈՀ ԵՎ ՀԵՐՈՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության  109-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում հանրությանը ներկայացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ եւ հերոս» խորագրով:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի վերհանումն է, բայց միեւնույն ժամանակ նրա արտասովոր քաջության եւ տոկունության ներկայացումը:

«Առանձին խորագրերով ներկայացված են մինչեւ ցեղասպանությունը հայ կնոջ կերպարը, նրա իրավունքների հետ կապված հարցեր: Ցուցադրությունում ներկայացված են հայ կանանց անհատական պատմություններ, որոնք, անցնելով թուրքական վայրագությունների միջով, դարձան պայքարի, կուռ կամքի եւ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշներ: Ցուցադրության մեջ ընդգրկված են հայ կանանց անհատական  պատմություններ, որոնք ամբողջացնում ու ներկայացնում են  ցեղասպանության տարիներին հայ կանանց բաժին հասած ողբերգական դրվագները»,- նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, ցուցադրությունների կազմակերպիչ Սեդա Պարսամյանը նշել է, որ  «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ եւ հերոս» խորագրով ցուցադրությունը կոչված է ներկայացնելու ոչ միայն ցեղասպանության տարիներին դաժան փորձությունների միջով անցած կանանց ճակատագրերը, այլեւ նրանց անսովոր տոկունությունն ու քաջությունը: «Ցուցադրությունը հստակ ժամանակագրության միջոցով ենք փորձել ներկայացնել. նախ ներկայացված է հայ կնոջ կերպարը Օսմանյան կասրությունում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին: Բազմաթիվ ցուցանմուշների՝ անձնական իրերի, հագուստների, զարդերի, լուսանկարների եւ այլ իրերի միջոցով փորձել ենք ցույց տալ, թե ինչպիսին էր հայ կինը ընտանիքում, կենցաղում, կրթության ոլորտում: Ինչպես նաեւ փորձել ենք վեր հանել կանանց իրավունքների հետ կապված հարցեր:

Ցուցադրության հիմքում երկու շատ կարեւոր շեշտադրում կա. խոսքը զոհի եւ հերոսի կոնցեպտի  ընդլայնված ներկայացումն է: Այս ցուցադրության մեջ ոչ միայն ներկայացված են այն կանայք, որոնք խոշտանգվեցին եւ սպանվեցին, այլեւ կանայք, որոնք տեղահանության ընթացքում առեւանգվում էին, վաճառվում, ստրկության մատնվում, տարբեր տիպի բռնության ենթարկվում»,- ասել է նա:

Սեդա Պարսամյանն ընդգծել է, որ պատմությունները մեկ տասնյակից ավել են, որոնցից ամեն մեկը Հայոց ցեղասպանության  մի դրվագ է ներկայացնում:

Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության տարիների կնոջ թեման երբեւէ  այսքան լայն չի լուսաբանվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:  Պարսամյանը նշել է՝ օգտագործվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ցուցանմուշները, ինչպես նաեւ մեր մյուս թանգարաներում եղած այլ նմուշներ:

 

 

 

 

«ՌԵՔՎԻԵՄԸ»՝  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Բոլոր ժամանակների այս ազդեցիկ եւ ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) եւ Նիկոլայ Էլսբերգը (բաս): «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) մասնակցությամբ:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը» մարդկային հանճարի ստեղծած լավագույն ստեղծագործություններից է:

Նշենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է:

 

 

 

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ

Ապրիլի 15-22-ը՝ մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքի, մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները հագեցած են եղել գրադարանային գործին առնչվող, կրթամշակութային բազմաբնույթ միջոցառումներով:

այկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայաստանում այս օրերին անցկացված «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը կրում էր «Գրադարանը նորարարության հարթակ» խորագիրը։

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում կազմակերպվել են գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, դասախոսություններ, վերապատրաստումներ գրադարանավարների համար, փոխայցելություններ ու շրջայցեր հանրապետության գրադարաններ՝ փորձի փոխանակման ու նորարար լուծումները միմյանց հետ կիսելու նպատակով:

Ծրագրի շրջանակում տարբեր հարթակներում քննարկվել են արդի գրադարանների խնդիրները, զարգացման հեռանկարները, նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման կարեւորությունը։ Այս համատեքստում ընդգծվել են գրադարանների դերակատարությունը ժամանակակից ընթերցողի պահանջների բավարարման, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի կրթության նպաստմանը միտված հնարավոր ուղիները։

Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ այս ծրագիրն անցկացվում է 2002 թվականից: Այն նպատակ ունի հանրայնացնել գրադարանների ու ընթերցանության դերն ու կարեւորությունը հանրության զարգացման ու կրթական մակարդակի բարելավման տեսանկյունից:

 

 

 

ԳՈՐԾՈՒՄ Է ՓԱՅՏԱԾՈՒԽԻ 96 ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

Տավուշի մարզի Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների անտառներում, Դիլիջանի ազգային պարկում մեծ թիվ են կազմում ապօրինի հատումները։ Վերջերս անտառապահներին կոչել են «անտառային պարեկներ», սակայն անտառում նրանց տեղաշարժվելու համար ոչ ձի են տվել, ոչ ավտոմեքենա, ոչ համազգեստ, ոչ էլ՝ զենք։ Անտառային պարեկների աշխատավարձը փոքր է, անտառային պարեկների մեծամասնությունը համապատասխան կրթություն չունենալով՝ չեն կարող ապօրինի անտառhատումների վերաբերյալ արձանագրություններ կազմել։ Անտառային պարեկները ենթարկվում են տվյալ անտառտնտեսության տնօրենի պահպանության գծով տեղակալին։ Անտառային պարեկների ինստիտուտի ներմուծումը կոչված էր բարելավելու անտառների պահպանությունը, սակայն Իջեւան եւ Բերդ համայնքներում դա դրական արդյունք չի տվել։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի անգամ  հարցում է արել, թե մարզում փայտածուխի քանի արտադրամաս է գործում։ Մարզպետ Ղալումյանը մի քանի անգամ, պատճառաբանելով, թե այդ թիվը փոփոխվում է , չէր պատասխանել հարցին: Ապրիլի 15-ին  Տավուշի մարզպետին տեղեկատվական հարզում ուղարկեցինք, նրան հարցնելով. «ապրիլի 9-ին Դուք աշխատանքային քննարկում եք ունեցել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հետ, քննարկվել են մարզում փայտածուխի արտադրամասերի գործունեության օրինականությունը, ապօրինի ծառահատումների ու փայտանյութի տեղափոխման դեմ ուղղված համատեղ միջոցառումները։ Ապրիլի 9-ի դրությամբ Տավուշի մարզում փայտածուխի քանի՞ արտադրամաս էր գործում, նրանցից քանի՞սն է օրինական, քանի՞սն է համապատասխանում բնապահպանական նորմաներին»։ Մարզպետարանից պատասխանել են. «2024 թվականի ապրիլի 9-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում օրինական գործում են փայտածուխի 96 արտադրամասեր»: Մարզպետը անտեսել, չի պատասխանել այն հարցին, թե փայտածուխի արտադրամասերից քանի՞սն է համապատասխանում բնապահպանական նորմաներին։

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ  ԿԻՐԱՆՑՈՒՄ ԴԱՍԱԴՈՒԼ Է

Ապրիլի 23-ին երկրորդ օրն էր, ինչ Իջեւան համայնքի  սահմանամերձ Կիրանցի հիմնական դպրոցում դասեր չէին կայանում։ Այդպես բողոքում են  տարածքները Ադրբեջանին միակողմանի հանձնելու դեմ։Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ ծնողներն իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում, ուսուցչները դպրոց՝ աշխատավայր  ներկայանում են։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս